Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս. Իոաննիսյան
Երեկ Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս՝ ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Երեկ Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս՝ ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար
Այստեղ կարեւորը ոչ միայն (ոչ այդքան) այն էր, որ Փաշինյանի դե-ֆակտո նախընտրական գործուղումը դե-յուրե պաշտոնական էր, այլ այն, որ ելույթներում նախընտրական խոսքը մեկտեղված էր պաշտոնեական լիազորություններից բխող քայլերի հետ:
Օրինակ՝ նախարար Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, ամբողջությամբ լիազորություններից բխող քայլ էր, որը տեղում հենց օգտագործվեց ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար... Չէ՞ որ ընդդիմադիրներն իրենց քարոզարշավի ժամանակ չեն կարող ասել, որ «հենց նոր որոշեցինք ձեզ համար ասֆալտ փռել»:
Այլ կերպ ասած, պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակցային առավելություն ստանալու համար: Դա անընդունելի է եւ հանդիսանում է վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում (լինում է նաեւ ծպտյալ չարաշահում):
Պաշտոնատար անձինք պետք է զերծ մնան նախընտրական քարոզչության եւ պաշտոնեական լիազորությունների իրականացման մեկտեղումից:
Հ.Գ. Դա նաեւ հակասում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մեջ դրված տրամաբանությանը (թեեւ, նախագծով դա միայն քարոզարշավի ժամանակահատվածի համար է արգելված): Եվ հենց այս պատճառով եմ ես ասում, որ ՔՊ-ն պետք է քաղաքական կամք ունենա՝ վարչական ռեսուրսի հետ կապված Ընտրական օրենսգրքի կարգավորումներն ընդունելու համար»,- գրել է Դանիել Իոաննիսյանը։