Բաքվի գործողությունները հաստատում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԳՆ
Արցախի դեմ անցած տարվա աշնանը սանձազերածած ռազմական գործողությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ արցախյան հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է, այլ Հայոց ցեղասպանության ծրագրի իրականացում։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով, ներկայումս ողջ աշխարհը ականատես է լինում, որ հայերին դուրս են հանում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, որ այդ տարածքներում հայերի կրոնական եւ պատմամշակութային ժառանգության հուշարձանները ոչնչացվում են, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերը ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի: Այս ամենի ֆոնին միջազգային հանրությունում ամրագրվում է այն կարծիքին, որ Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում։ «Արցախն Ադրբեջանի կազմում նշանակում է Արցախ առանց հայերի», - հայտարարել է նախարարը:
Նախարարը հավելել է, որ պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը լուծված չէ, և այդ մասին հայտարարում է ոչ միայն հայկական կողմը, այլ նաև միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Հակամարտության վերջնական կարգավորման համար պետք է տրվի ամենակարևոր հարցի պատասխանը, որը Արցախի կարգավիճակն է։ Այդ կարգավիճակը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ իրողությունները բոլորը քաջ գիտակցում են։
Այվազյանը նշել է, որ հակամարտության կարգավորումը երկարատեւ եւ շատ բարդ գործընթաց է, որի իրականացման համար չափազանց կարեւոր գործոն է վստահության վերականգնումը: Այս համատեքստում նախարարը կարևորել է ադրբեջանական կողմում պահվող հայ գերիների հայրենադարձությունը։ Նա վստահ է, որ գերիների վերադարձը կարեւոր քայլ կդառնա վստահության վերականգնման ճանապարհին։