ՆԳՆ ստեղծման մասին օրինագիծը շուտով կքննարկվի կառավարությունում. Ռուստամ Բադասյան
Մինչև տարեվերջ Հայաստանում հնարավոր է ձևավորվի ներքին գործերի նախարարություն։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս արդարադատության նախարարության կողմից ոստիկանության հետ համատեղ մշակված ՆԳՆ ստեղծման մասին օրինագիծը փոխանցվել է վարչապետի աշխատակազմ, որից հետո կքննարկվի նախարարների կաբինետում եւ արդեն այս կամ հաջորդ շաբաթ կքննարկվի կառավարության նիստում, իսկ հետո կմտնի խորհրդարան: Բադասյանը նշել է, որ նախատեսվում է նախարարության ստեղծում մինչեւ տարեվերջ։ Ներկայումս ոստիկանության հետ համատեղ իրականացվում է աշխատանքների գույքագրում, այդ թվում՝ կենտրոնական շենքի ապահովման գծով, ինչպես նաև ապագա նախարարության ստորաբաժանումների:
Օրինագիծը հիմնված է ոստիկանության գործառույթների եւ ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական ծառայությունների բաժանման սկզբունքի վրա: Չափազանց կարեւոր է, որ ներքին գործերի նախարարության անմիջական հսկողության ներքո կլինեն հաշվառման եւ գրանցման, վիզաների եւ անձնագրերի կառավարման եւ միգրացիոն ծառայության գործառույթները: Նախարարը նշել է, որ ոստիկանությունը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողության ավելի բարձր մակարդակ, եւ հենց այդ նպատակով էլ ստեղծվում է ՆԳՆ-ն եւ ավելի լայն հաշվետվողականություն է ապահովվում խորհրդարանին:
Օրենքի նախագծով կարգավորվում է նախարարի եւ ոստիկանապետի փոխգործակցությունը, ծառայության ընդունման եւ ազատման կարգը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ընթացակարգեր, նշել է նախարարը՝ խոստանալով օրինագիծն ավելի մանրամասն ներկայացնել խորհրդարանում շրջանառության մեջ դնելուց հետո: