Բյուջեում փող չկա՞. նախարարությունն արձագանքել է աշխատավարձ չստացած բուժաշխատողներին
Առողջապահության նախարարությունն արձագանքել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը.
«Հայտնում ենք` առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում:
2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:
Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- ասված է պարզաբանման մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր համացանցում հետևյլա բովանդակությամբ հայտարարություն էր տարածվել, որին էլ, ըստ էության, արձագանքել է նախարարությունը.
«Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա , որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել : Առհասարակ մեր կառույցում աշխտավարձ ստանում են վերջին պլանով , ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ , ովքեր մեր կարիքն ունեն և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքն , այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը ...
Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց բժիշկներին դնելով հետին պլան , դուք քանդում եք երկրի հիմքը»: