ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի վերջերս արած հայտարարությունը
Մոսկվան ընդհանուր առմամբ նկատում է կառուցողական տրամադրվածություն, որը ցուցադրում են Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարությունը։
«Նրա [եռակողմ խմբի] գլխավոր խնդիրը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։ Մենք հույս ունենք, որ դրական կողմնորոշման եւ փոխընդունելի շփման կետերի որոնման նույն ուղղվածությունը կգերակշռի ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի մեդիա տարածքում»,-ասել է Զախարովան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ թեև Հայաստանը փորձում է խանգարել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, սակայն դա նրան չի հաջողվի։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում Զանգեզուրի միջանցքի գործարկման ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկություններ, տրանսպորտային եւ հաղորդակցական շատ նախագծեր արդեն քննարկվում են, եւ դա կլինի մեր հերթական պատմական հաջողությունը», - հայտարարել է նա:
Հայաստանի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված տարածաշրջանի ապաշրջափակման մասին պայմանավորվածություններում չի քննարկվել Սյունիքի տարածքով որեւէ «միջանցքի» հարց: Ներկայումս փորձագիտական խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ուղղություններով ենթակառուցվածքի ֆիզիկական հնարավորությունների եւ տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների վրա։
«Միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարցը չի քննարկվում։ Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ Լաչինի միջանցքը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի տարածքով ոչ մի միջանցքի մասին չի ասվում։ Խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման մասին է, եւ այդ հարցը հստակեցվում է հունվարի 11 - ի համատեղ հայտարարության մեջ»,- նախօրեին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: