20.04.2024
Օնիկ Գասպարյանը ուժեղ պետական մտածողություն կրող անձ է. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նախատեսում է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։


Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար նախատեսվում է կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար): Առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի ամսական 40 մլն դրամ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:

Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրության) միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում, հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:


ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, սա լավ հնարավորություն է տնտեսվարողների համար՝ ավելի արագ տնօրինել շրջանառվող միջոցները և ներարկել դեպի տնտեսություն։


Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, ընդգծել է. «2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեսամյսա տրամաբանությամբ։ Իմաստն այն է, որ երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այդ գործընթացով գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք նախկինից կուտակված ԱԱՀ վերադարձի պարտք՝ մոտավորապես 100 մլրդ դրամի ։ Նախ մենք առաջին փուլով էականորեն մաշեցինք այդ գումարը: Հաջորդ փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով։ Եվ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին»։


Վարչապետն այդ համատեքսում կարևորել է կառավարության նախկինում ստանձնած պարտավորության և խոստման կատարումը, որը կնպաստի տնտեսվարողների շրջանառու միջոցների ավելացմանը. «Ըստ էության, ավելացված արժեքի հետ կապված թեման, որը տասնամյակներով շարունակվել է, գոյություն է ունեցել՝ այսպիսով լուծում և ավարտում ենք այս պրոցեսը»:


Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մինչև եռամսյակին անցնելը տնտեսավարողներին ԱԱՀ-ի գծով պարտավորությունը շատ ավելին է եղել՝ 2018 թվականի դրությամբ մոտ 260 միլիարդի սահմաններում: «Ընդհանուր 2019 թ. ընթացքում վերադարձված գումարների չափը կազմել է 175 միլիարդ, իսկ 2020 թ. ընթացքում՝ 139 միլիարդ դրամ: Համեմատության համար կցանկանայի նաև նշել, որ 2020 թվականի առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվար, միայն ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները կազմել են 18 միլիարդ 518 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին 21.7 միլիարդ դրամ», -ասել է ՊԵԿ նախագահը:


Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այս գործընթացը հիմնականում վերաբերում է արտահանողներին և այդ առումով լրացուցիչ դրամական միջոցների հետվերադարձը խթանում է նաև արտահանման աճին:


Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարության ծրագրում ընդգծվել է արտահանմանը միտված տնտեսություն ունենալու կարևորությունը. «Հետևաբար սա հենց այն քայլերից է, որը լրացուցիչ խթան պիտի տա տնտեսվարողներին և աջակցություն լինի տնտեսվարողներին, որպեսզի արտահանումն առավել հետաքրքրական ուղղություն դառնա»:


Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ՊԵԿ-ում քննարկվում է նաև սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկի վերացման առաջարկները։ «Դա ավելի լավ և խթանիչ պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար։ Այսինքն՝ ապրանքների մաքսազերծման գծով ԱԱՀ հարկ սահմանին չեն վճարի։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս վարչարարական ռիսկերը և այն հնարավոր առաջացող խնդիրները, որոնց զսպման ուղղությամբ պետք է վարչարարությունը կատարելագործել, այս փուլում դեռևս նպատակահարմարություն չենք գտնում։ Դա մի փոքր ավելի ուշ կլինի, երբ կհասնենք հարկային կարգապահության համապատասխան մակարդակի»,- ասել է ՊԵԿ նախագահը։


Վարչապետը նշել է, որ այդ նորամուծությունը, մեխանիզմն անպայման պետք է ներդրվի:


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, որ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի մեխանիզմների կատարելագործումը նաև ուղերձ է տնտեսվարողներին, որ այս բոլոր դրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է արտադրողականության բարձրացում և տնտեսական բոլոր ցուցանիշների դրական զարգացումներ:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս իրեն ուղարկվել է արտադրողականության վերաբերյալ զեկույց: «Պարզաբանեմ՝ արտադրողականությունը հետևյալի մասին է, թե մեկ աշխատողը մեկ ժամվա աշխատանքի ընթացքում քանի դրամի կամ դոլարի կամ որևէ արժույթով արժեք է ստեղծում: Եվ այս առումով մենք շատ-շատ զիջում ենք ոչ միայն աշխարհի զարգացած երկրներին, այլև շատ զարգացող երկրներին: ԵԱՏՄ երկրների շարքում էլ ամենևին առաջնային տեղ չունենք: Եվ այս առումով, պարոն Ջանջուղազյանի դիտարկումը, իհարկե, չափազանց կարևոր է»,-ասել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անընդհատ մարդկանց ասում են, պետք է արտադրողականությունը բարձրացնել, բայց պետք է նաև բացատրել, թե ինչ է դա:


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ եթե Հայաստանում 1 մարդու 1 ժամվա միջին արտադրողականությունը մոտ 6 դոլար է, ապա ԵԱՏՄ երկրներում միջինը դրանից կրկնակի ավելի է: «Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակում, որենք առաջիկում կներկայացվեն: Դրանք վերաբերում են մեծ և միջին ընկերություններին արտադրողականության աճի գործում օգնելու հարցին, նախատեսվում է խորհրդատվական, տեխնոլոգիական աջակցություն»,-նշել է էկոնոմիկայի նախարարը:


Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ միջինացված Հայաստանում 1 մարդու 1 ժամվա արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ երկրներում՝ 11 դոլար է, աշխարհի զարգացած երկրների պարագայում 43 դոլար է. «Իհարկե, երկրներ կան, որտեղ աշխատանքի արտադրողականությունը 100 դոլարն անցնում է: Եվ այստեղ կարծում եմ՝ թվային, մաթեմատիկական ձևով մեր խնդիրները, պրոբլեմներն ի հայտ են գալիս: Եվ շատ կարևոր է, պարոն Քերոբյան, որ այդ ծրագիրը հաջող իրականացվի: Դրանով մենք էականորեն կօգնենք և՛ տնտեսությանը, և՛ պետությանը, և՛ գործարարներին»:

Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» լուսանկարը առաջադրվել է World Press Photo մրցույթին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին