Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Նախաքննությունն ավարտվել է, Վազգեն Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ կոմիտեն հայտնել էր, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Վազգեն Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը: