24.11.2024
Ջելպկե. Գերմանիան ոչ միայն պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, այլև մեղքն այդ ոճրագործության մեջ
prev Նախորդ նորություն

Հանդիպում Վիեննայում՝ դրակա՞ն, թե՞ բացասական. գնահատում են քաղաքական գործիչները

Ազգային Ժողովի միջանցքներում մայիսի 17-ին քննարկման հիմնական թեման նախօրեին Վիեննայում կայացած նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումն էր և ըստ այդմ ձեռք բերված համաձայնությունները: Հնչած գրեթե բոլոր կարծիքները, անկախ պատգամավորների քաղաքական պատկանելիության, հանգում էին մեկ հարցի` հայկական կողմի համար հանդիպումը դրական է, արդյունքները` նույնպես:

Վիեննայում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել ԼՂ հակամապտության վերաբերյալ:

Մասնավորավպես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները:

Բխում էր հայկական կողմի շահերից

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` Վիեննայի հանդիպումը, ընդհանուր առմամբ, բխում էր հայկական կողմի շահերից, քանի որ դրա շրջանակում ընդունվեց Երևանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու առաջարկ, որոնք միտված են ամրապնդելու 1994 թվականի զինադադարի համաձայնագիրը: «Այնպես որ Վիեննայում արձանագրված արդյունքները իսկապես առաջընթաց կարելի է համարել», - ասաց նա:

Միևնույն ժամանակ Արզումանյանը նշեց, որ ինչպես և նախկինում, այսօր ևս որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը ձեռք բերված համաձայնությունները ևս չի խախտի, բայց հուսադրող է գոնե այն, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը ընդլայնվեց և դրա համատեքստում գուցե հնարավոր կլինի նոր խաղի կանոնները պահպանել:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ շատ կարևորում է Վիեննայի հանդիպումը, քանի որ Հայաստանը, իր կարծիքով, այդ հանդիպումից հետո ավելի շահեկան վիճակում հայտնվեց: Բայց ամենից կարևորը, ըստ Քոքոբելյանի, այն համաձայնություններն են, որոնք ոչ միայն ինքնին որոշակի գործիք են շփման գծում իրավիճակը կարգավորելու համար և բխում են առաջին հերթին հայկական կողմի շահերից, քանի որ հենց ՀՀ նախագահի կողմից են տարիներ ի վեր բարձրաձայնվել, այլև նոր իրավիճակ են առաջ բերում Արցախի շուրջ:

«Ադրբեջանը, ստիպված լինելով համաձայնվել մշտադիտարկման սարքերի տեղադրմանը, ըստ այդմ համաձայնվում է այն սահմանին, որ միջազգայնորեն այդ սարքերի տեղադրումից հետո ճանաչված սահման է լինելու: Այսինքն, հակառակորդն ընդունում է այդ սահմանագծումը, և եթե մշտադիտարկման սարքերը իսկապես տեղադրվեն, ապա հենց դա է ինձ համար առաջին խոշոր ձեռքբերումը, քանզի դրանով կգծվի այն սահմանը, որը թե’ միջազգային հանրությունը, թե’ նաև Ադրբեջանը դե ֆակտո կընդունեն»,- շեշտեց Քոքոբելյանը:

Ձևաչափն է հստակեցնում, բայց երաշխիքներ չկան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար էլ հանդիպման գլխավոր ձեռքբերումներից մեկը հենց դա է` զինադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների ներդրումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայունը: Եվ որպես մեկնարկ սա կարելի է դրական համարել: Բայց Ռուստամյանն ընդգծեց` Վիեննայում ուղղակի հանդիպում էր, ոչ բանակցություն, քանի որ բանակցության համար պետք է դրան մասնակցեր նաև Արցախը: «Քանի դեռ այդ ձևաչափը չի աշխատում` բանակցություններ չեն կարող լինել»,- ընդգծեց նա:

Հաջորդ կարևոր ձեռքբերումն, ըստ դաշնակցականի այն է, որ հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել նոր հրադադարի պայմանագրի մասին, այլ 1994-1995 թվականների զինադադարի պայմանագրերն են ուժի մեջ: «Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցնում»,- հավելեց նա:

Ըդդիմադիր «Ժազառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այլ կարծիքի է և Վիեննայի հանդիպման արդյունքները դրական չի գնահատում, քանի որ Ադրբեջանը որևէ մեղադրանք չստացավ, «ինչպես ասում են հասցեական հայտարարություն չեղավ»: «Մինչև ապրիլի 2-ի եղած սահմանագիծը չվերականգնվեց», - արձանագրում է քաղաքական գործը՝ հիշեցնելով նախագահ Սարգսյանի հարցազրույցում խոստովանությունը, որ հայկական կողմի տարածքային կորուստները կազմում է շուրջ 8 ք/կմ:

Վիեննայում հանդիպմանն անվտանգության երաշխիքներ չեն տրվել, ասում է Մարտիրոսյանը: «Միայն որոշ ժամանակ հետո պետք է ներդրվի արձանագրման համակարգ կամ Կասպերչիկի թիմը շատացվի: Հետախուզությունը, տիեզերական նկարահանումները, հազար ու մի տեսակ տեխնիկական միջոցները իբր քիչ էին», - ընդգծում է նա ու հավելում, որ ոչ մի երաշխիք այդպես էլ չկա, որ Ադրբեջանը երբ ցանկանա, նորից չի հարձակվի: