23.11.2024
Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին - Զախարովա

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնումէ ՌԻԱ Նովոստին: 


«Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք և՛ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, և՛ մեր արտաքին քաղաքականության մեջ: Դրա նպատակն է ստեղծել փոխգործակցություն առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ, չմիջամտել ներքին գործերին: Դա (Հայաստանում տեղի ունեցողը - խմբ.) ինքնիշխան պետության ներքին գործն է, այդ երկրում ընթացող քաղաքական գործընթաց՝  այլ գնահատական ​​լինել չի կարող», - ասել է Զախարովան «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հայաստանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:


Խոսելով այն մասին, թե արդյոք Ռուսաստանը կարող է դառնալ միջնորդ Հայաստանում իրավիճակի կարգավորման համար, Մարիա Զախարովան կրկնել է՝ այն, ինչ տեղի է ունենում, «ինքնիշխան պետության ներքին գործն է».


«Կան տարբեր քաղաքագիտական ​​գնահատականներ, բայց մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ», - ավելացրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվեց՝  Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը լրագրողի հետ զրույցում «ծիծաղով» արձագանքելուց հետո։


Հաջորդ օրն իսկ Գլխավոր շտաբը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի, հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց Նիկոլ Փաշինյանի և վերջինիս կառավարության հրաժարականը: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակեց իբրև ռազմական հեղաշրջման փորձ և նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծ ուղարկեց: Այն նախագահը հետ վերադարձրեց առարկություններով, որից հետո Փաշինյանը դարձյալ հրամանագիրը ուղարկեց նախագահին:  


Մարտի 2-ին նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը և դիմել Սահանադրական դատարան: Պարզվեց, սակայն, որ նախագահը դիմում է Սահմանադրական դատարան ոչ թե վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիրը վիճարկելու հարցով, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: