Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան
Օրերս պաշտոնից ազատված ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի փետրվարին 24-ի հրամանագիրը։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մերի Համբարձումյանին։
VERELQ-ը հիշեցնում է, որ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը հանդիսացել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։
Մասնավորապես, Yerevan.today կայքի լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։
Հաջորդ օրն իսկ Գլխավոր շտաբը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի, հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց Նիկոլ Փաշինյանի և վերջինիս կառավարության հրաժարականը: