23.11.2024
«Իմ քայլ»-ի պատգամավորների կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստով կհարուցվի քրգործ
prev Նախորդ նորություն

«Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարությունն անլուրջ որակած գեներալն ազատվեց պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.


Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», - ասված է հրամանագրի մեջ:


Հատկանշական է, որ Տիրան Խաչատրյանը, համաձայն ԶԼՄ-երի հրապարակումների, մեկնաբանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի հրթիռների անպիտանության մասին հայտարարությունը՝ նշելով, որ դա լուրջ չէ:


Yerevan.today կայքի լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։


Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։


Այուհետև պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ այդ հրապարակման վերաբերյալ՝ նշելով, որ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:


«Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք», - ասված է ՊՆ-ի պարզաբանման մեջ:


Նշենք, որ Տիրան Խաչատրյանը Հայաստանի ազգային հերոս է: Բարձրագույն կոչմանը նա արժանացել է «Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար»։