24.11.2024
Այս իշխանությունը չի կարող շարունակել պաշտոնավարել. Սպիտակի քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը փորձում է «Իսկանդերների» սկանդալի պատասխանատվությունը գցել ԶՈՒ ԳՇ-ի վրա. ԼՀԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ռուսական «Իսկանդերների» վերաբերյալ իր արած սկանդալային հայտարարության մասին՝ հերթական փորձն է՝ խուսափել պատասխանատվությունից։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


«Ես չեմ վստահում վարչապետի մամուլի քարտուղարին եւ նրանց հայտարարություններին։ Եթե վարչապետին զեկուցել են ինչ-որ բանի մասին, խնչու են այդ տեղեկությունը հրապարակում հարցազրույցում՝ առանց ստուգվելու։ Եթե նա սխալվեց, ինչու հարցազրույցը մոնտաժված չէր, չէ որ դա տեսաձայնագրված էր»- հայտարարեց Մարուքյանը։


Նա վստահ է, որ վարչապետն իր մամուլի խոսնակի միջոցով փորձում է տեղի ունեցած սկանդալի պատասխանատվությունը բարդել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վրա։ Մարուքյանը հարց է ուղղել, թե ինչու մինչ Գլխավոր շտաբի աղմկահարույց հայտարարությունը, ոչ ոք չի ասել, որ ԳՇ-ն սխալ տեղեկատվություն է տրամադրել վարչապետին։


Պատգամավորը հիշեցրել է, որ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը, երբ Փաշինյանը թաքնվում էր բունկերում՝ զինվորականների պահպանության ներքո, նա նրանց անվանում էր «մարտական ընկերներ»: Իսկ հիմա փորձում է տապալումների ողջ պատասխանատվությունը գցել նրանց վրա, հայտարարել է Մարուքյանը՝ հավելելով, որ Փաշինյանը փաստացի դավաճանում է իր «մարտական ընկերներին, ինչն անընդունելի է»։