23.11.2024
Սարգսյանը հադիպել է Քերիին ու Մոգերինիին. գերակա է հրադադարի ռեժիմի ամրապնդումը
prev Նախորդ նորություն

Քայլեր են ձեռնարկվելու շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության համար. պաշտոնական

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: "Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ", - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: