Սարգսյանը հադիպել է Քերիին ու Մոգերինիին. գերակա է հրադադարի ռեժիմի ամրապնդումը
Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Այս պահին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու համանախագահող երկների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպումից մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Մոգերինիի հանդիպմանը, ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի «կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին»: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ` կարևորել է 1994թ. զինադադարի մասին և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:
Իր հերթին Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին և պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում: Այդ առումով հայկական կողմը կարևորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ:
Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայանալիք հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը:
Քերիի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կաչգավորման խնդրին: Սարգսյանը, անդրադարձ կատարելով, ապրիլի սկզբին հրադադարի ռեժիմի խախտմանը, նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994թ. զինադադարի մասին և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը:
Ընդգծելով փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներն են նախաձեռնել ներկայիս հանդիպումը՝ Հանրապետության հախագահը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետևողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: