23.11.2024
Քայլեր են ձեռնարկվելու շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության համար. պաշտոնական
prev Նախորդ նորություն

Լավրով. ԵԱՀԿ-ն կաջակցի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:

Վիեննայի բանակցությունները կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանդիպմանը ներկայացված են եղել ԱԳ նախարարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի:

«Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին: Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հասնելու բանակցությունները», - հայտարարել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն մյուս հանդիպման վայրն ու ժամանակը, որտեղ կշարունակեն կարգավորման չափանիշների քննարկումը: «Հունիսին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման տեղն ու վայրը, որի ընթացքում, հաշվի առնելով այն ամենը, ինչ արվել է` քաղաքական գործընթացների շրջանակում, կշարունակվի աշխատանքը՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման չափանիշների համաձայնեցման ուղղությամբ»,- նշել է Լավրովը:

Հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն եւ Երեւանը տրամադրված են փոխզիջումների` Լեռնային Ղարաբաղի հարցով, հակամարտության միջնորդներն ամեն կերպ կաջակցեն դրան»: Ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Փոխզիջում հնարավոր է միշտ. եթե նման հնարավորություն չլիներ, ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դրանով չէին զբաղվի: Մենք նպատակադրված ենք գործն ավարտին հասցնելու, որպեսզի առաջ շարժվենք` դեպի հակամարտության լիակատար կարգավորում: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով երկու կողմերի միջեւ լարվածությունը, դա պետք է անել փուլ առ փուլ, եւ կարգավորման առաջին փուլի չափանիշների համաձայնեցման հնարավորություն առկա է»,- նշել է Լավրովը: