Մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել. Էդիկ Բաղդասարյան
Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետեւանքով է ԱբուԴաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել: Սա մանրուք չի, սա պարզապես բանաձեւ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ անդրադառնալով IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության մասով ԲՏԱ նախարարության պարզաբանմանը.
"Այսպես է եղել նաեւ պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում: Այսպես է կառավարվում երկիրը, եւ մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետեւանքով է եղել: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի",- գրել է Բաղդասարյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ՀՀ կառավարությունը կոշտ քննադատության արժանացավ` Ադրբեջանի հարուստ ցուցանմուշներով տաղավարի կողքին Հայաստանի տաղավարն աչքի է ընկնում միայն բուկլետներով ու ջրի շշերով: Ուշագրավն այն է, որ ցուցահանդեսին տաղավար վարձակալելը լուրջ ծախսեր է ենթադրում՝ շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ:
Ավելի ուշ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում տարածեց, որում նշվում է, թե ցուցանմուշնեըի տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Սակայն լոգիստիկ խնդիրները խանգարել են: