23.11.2024
Մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել. Էդիկ Բաղդասարյան
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանն ԱԺ-ում է. նա պատգամավորների հարցերին կպատասխանի փակ ռեժիմով

Եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հրավիրվել է խորհրդարան։ Հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ «Տարածաշրջանի եւ եվրասիական ինտեգրման մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» թեմայով:


Բացելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ հետպատերազմյան Հայաստանում ձևավորվել է նոր իրավիճակ և նոր արտաքին մարտահրավերներ: Նա նշել է, որ երկրի շատ խնդիրներ օպերատիվ լուծումներ են պահանջում, ինչի կապակցությամբ էլ որոշում է կայացվել նման հանդիպում կազմակերպել ։


Մելքումյանը տեղեկացրել է, որ Այվազյանի բացման խոսքից հետո հանդիպումը տեղի կունենա փակ ռեժիմով, ինչը թույլ կտա հանդիպման մասնակիցներին ավելի բաց և ազատ անցկացնել քննարկումները: Նա նշել է, որ ԱԳ նախարարի քննարկումների եւ պատասխանների արդյունքում յուրաքանչյուր պատգամավոր ինքն իր համար կորոշի հետագա գործունեության ուղղությունները:


Պատգամավորը նաև հավելեց, որ քննարկումներին մասնակցելու է ոչ միայն ԱԳ նախարարը, այլև էկոնոմիկայի փոխնախարար Վարուժան Սիմոնյանը, որն անդրադառնալու է տնտեսական ասպեկտներին:


Արա Այվազյանն իր հերթին նշել է, որ հետպատերազմյան Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, ուստի անհրաժեշտություն կա նման հանդիպումներ անցկացնել որոշակի պարբերականությամբ՝ կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Նա կարեւորել է օրենսդիր մարմինների հետ համատեղ աշխատանքը՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը։