Ռուսական «Օրիոն» հարվածային անօդաչուն փորձարկվել է Սիրիայում մարտական պայմաններում
Ռուսական «Օրիոն» հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը հաջող փորձարկումներ է անցել Սիրիայում մարտական պայմաններում, հաղորդում է EADaily-ն:
Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ մարտական մեքենան կատարել է 38 թռիչք։ Դրանցից 20-ը հետախուզական են եղել, 17 ռեյդերում սարքը հարվածներ է հասցրել ահաբեկիչների ցամաքային օբյեկտներին, եւս 1-ը կատարվել է այլ նպատակներով:
«Ռոսիա-1»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Ռոգատկինի ռեպորտաժում փետրվարի 21-ի երեկոյան տեսանյութ է պարունակվում, որը ֆիքսում է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի կիրառումը: Մարտական պայմաններում փորձարկումների անցկացման ճշգրիտ ամսաթիվը չի հրապարակվում։
Սարքը մշակվել է «Կրոնշտադտ» խմբի կողմից։ «Օրիոն» անօդաչու թռչող սարքի առաջին նմուշը թռիչքային փորձարկումների համար պատրաստվել է 2015 թվականին, այն տեղափոխել են Գրոմովի անվան թռիչքա-հետազոտական ինստիտուտ 2016 թվականին: 2017 թվականին ներկայացվել է անօդաչու թռչող սարքի արտահանման տարբերակը։
2018 թվականին առաջին փորձարկումներն են անցկացվել Սիրիայում մարտական իրադրության մեջ՝ առանց զենքի կիրառման: Հետախուզական-հարվածային դրոնն ունի առավելագույն թռիչքային կշիռ 1150 կիլոգրամ եւ մարտական բեռի զանգված մինչեւ 250 կիլոգրամ: Թռիչքի տևողությունը 24 ժամ է։