Սերժ Սարգսյանը բանակցել է Արցախի 7 շրջանները հանձնելու շուրջ՝ դա թաքցնելով քաղաքացիներից
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, բանակցություններ էր վարում Արցախի 5-7 շրջանները հանձնելու շուրջ, սակայն երկրի հասարակությունը դրան չէր պատրաստվում, ավելին՝ պնդում էին հակառակը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մեզ անընդհատ ասվում էր այն մասին, որ բանակցություններ են ընթանում, բայց ոչ մի տարածք հանձնման ենթակա չէ։ Միշտ խոսվել է այն մասին, որ բանակցությունները ժամանակ ձգելու միջոց են։ Դա ասում էին բոլոր նախկին իշխանությունները», - նշել է Մարուքյանը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ՀՀԿ-ի՝ իշխող ուժի օրոք ՀՀԿ-ի պատգամավորների ելույթներին։
Մարուքյանը նշել է, որ այժմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարում է, որ միշտ կողմ է եղել որոշակի շրջաններ հանձնելուն և քննադատում է «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքի կողմնակիցներին։
«Սակայն, եթե գործընթացներն ընթանում էին այդ ճանապարհով, ապա անհրաժեշտ էր արագ լուծել խնդիրը, այլ ոչ թե ուղղորդել հայության միջոցներն այն տարածքներ, որոնք պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունների աջակցությամբ ընդունվել է Արցախի Սահմանադրությունը, որի համաձայն բոլոր 7 շրջանները հանդիսանում են Արցախի Հանրապետության տարածքի մի մասը», - նկատեց նա։
«Այլ կերպ ասած՝ մի կողմից ընդունվում է հիմնական օրենքը, մարդկանց ներկայացվում է, որ դա Արցախի տարածքն է, մյուս կողմից՝ բանակցություններ են վարվում տարածքները հանձնելու շուրջ», – ընդգծեց Մարուքյանը՝ զարմանք հայտնելով, որ ի պատասխան ԼՀԿ-ի բարձրացրած քաղաքական հարցի՝ ՀՀԿ - ից վիրավորանքներ են եղել։