23.11.2024
Կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
prev Նախորդ նորություն

Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն. Թանդիլյան

Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:


"Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։

Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։

Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։

Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։

Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը։

Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները",- գրել է նախարարը։


VERELQ-ը հիշեցնում է, Արցախի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ռուսերենը կարող է ստանալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: 


Մինչդեռ 2020 թ. դեկտեմբերին Արցախի Ազգային ժողովի իշխող «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հերքել էր այն տեղեկությունները, թե Արցախում ռուսերենը պետական լեզու դարձնելու գործընթաց է սկսվել։