Արցախում ռուսերենը կարող է ստանալ պաշտոնական լեզվի կարգավիճակ. նախագիծ
Արցախում ռուսերենը կարող է ստանալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծից:
Ազգային ժողովի երեք պատգամավորների ներկայացրած նախագծում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրվում է հետևյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը»:
Փոխվում է նաև «պաշտոնական լեզու» սահմանումը: Ըստ այդմ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրվում է նոր խմբագրությամբ. «պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու»:
Նոր խմբագրությամբ է շարադրվելու օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է «հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»:
Փոփոխության հիմնավորուման մեջ նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը:
Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:
VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թ. դեկտեմբերին Արցախի Ազգային ժողովի իշխող «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հերքել էր այն տեղեկությունները, թե Արցախում ռուսերենը պետական լեզու դարձնելու գործընթաց է սկսվել։