24.11.2024
«Իմ քայլը» արդեն նախկին իշխանություն է. Էդմոն Մարուքյան
prev Նախորդ նորություն

Իշխանությունները շարունակում են տարածքների հանձնման հետևողական քաղաքականություն վարել. ԲՀԿ

Հայաստանի իշխանությունները շարունակում են երկրի տարածքները հանձնելու կապիտուլյացիոն քաղաքականություն վարել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։


Նրա խոսքով՝ անցած շաբաթներին ԲՀԿ-ականները մի քանի անգամ այցելել են Սյունիքի մարզ՝ անցնելով ճանապարհահատվածներով, որտեղ տեղադրված են ադրբեջանական դրոշներ և կանգնած են ադրբեջանցի զինվորականներ: «Այս իրավիճակն առաջին օրը չէ, բայց հիմա ակնհայտ է դառնում, որ դա տեղի է ունենում կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա», - ասել է նա։


«Իշխանություններն իրականացնում են և շարունակելու են իրականացնել կապիտուլյացիոն քաղաքականություն, ուստի բողոքի ուժերը պետք է օպերատիվ մոբիլիզացիա իրականացնեն։ Բոլոր քաղաքական ուժերը, ողջ ազգը պետք է դառնա գործող իշխանության ընդդիմություն, որովհետև այսօր արդեն ոչ ոք չի կարող հստակ ասել, թե մեզ մոտ որքան տարածք է մնացել, Հայաստանի 29.8 հազար քառ.կմ մակերեսի որ հատվածն ենք պահպանել», - հայտարարեց պատգամավորը։


Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել է, որ իշխանություններն այդպես էլ հստակ պատասխան չեն տվել այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Ադրբեջանի հետ սոցիալական ցանցերում տարածված հուշագրի ստորագրման մասին տեղեկատվությունը:


Նա մատնանշեց, որ փաստաթղթում կան դրույթներ, որոնք վերաբերում են Սյունիքի տարածքային ամբողջականությանը և Սյունիքի քաղաքներ ու գյուղեր տանող ճանապարհների անվտանգությանը։


Սակայն, եթե վարչապետի նստավայրից օծանելիք գողանալու դեպքում բոլոր գերատեսչությունները շտապում էին հանդես գալ հայտարարություններով,ապա հիմա հանրությունը ականատես է լինում լիազոր կառույցների դագաղային ճռճռոցին։ «Այսպիսով, մենք հերթական անգամ տեղեկանում ենք արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կամ արդեն ստորագրված փաստաթղթերի մասին», - եզրափակել է նա:


Պատգամավոր Շաքե Իսայանը նշեց, որ իշխանությունները, ըստ ամենայնի, փորձում են հանրությանը դոզավորված տեղեկատվություն տրամադրել: Այդ իսկ պատճառով, հաճախ այն տեղեկատվությունը, որը ստանում է ընդդիմությունը, պարզապես անտեսվում է, իշխանությունները լռում են՝ չպատասխանելով անգամ ընդդիմադիր պատգամավորների գրավոր հարցումներին։


Իսայանը նշել է, որ նախորդ կառավարության ժամի ընթացքում խորհրդարանում հարց է ուղղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Սիսիան տանող ճանապարհահատվածի մասին։ «Ավինյանի պատասխանը տպավորություն է ստեղծել, որ կամ ինքը չի տիրապետում իրավիճակին, կամ կան բանավոր կամ գրավոր այլ պայմանավորվածություններ, որոնց մասին իշխանություններն այս փուլում չեն ուզում խոսել», - ասաց նա:


Պատգամավորը նշեց, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում գյուղապետերը կոնկրետ տեղեկություններ են տվել խնդրահարույց տարածքների մասին: «Կոնկրետ Ծղուկ լեռան հատվածում խնդիր կա. GPS համակարգի տվյալների համաձայն՝ դա Ադրբեջանի տարածքն է, ինչի մասին հայտնել են համայնքների ղեկավարներին, որոնք, ի դեպ, այսօր էլ բանակցում են պետության փոխարեն։ Նույն իրավիճակը գրանցվել է Ջիլ գյուղում», - ասաց նա։