Շիրակի մարզի անապահով ընտանիքներին կտրվի վառելափայտ. կառավարության որոշումը
Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ձմեռային ամիսների ջեռուցման տնտեսական բեռը կթեթևացվի: Նման որոշում ընդունեց կառավարությունը, որով Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին նախատեսվում է տրամադրել մեկական խորանարդ մետր վառելափայտ։
Շահառուներին վառելափայտի տրամադրումն իրականացնում է Շիրակի մարզպետարանը, վառելափայտը Շիրակի մարզպետարանին տրամադրելու է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կնքելով կլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր:
«Շիրակի մարզը ՀՀ-ում ամենախիստ բնակլիմակայական պայմաններ ունեցող մարզն է, ուր բավականին մեծաթիվ են նաև ոչ հիմնական շինություններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքները։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ՀՀ-ում հաշվառված են «տնակ» և «ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն» ծածկագրերով 4026 ընտանիք, որոնցից նպաստառու են 3465-ը, որոնցից Շիրակի մարզում 1439-ը, դրանցից նպաստառու 1241 ընտանիք։
Սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են ոչ հիմնական շինություններում, ձմեռային ամիսներին ջեռուցման հարցերում աջակցություն տրամադրելու նպատակով առաջարկվում է որպես բնաիրային օգնություն տրամադրել վառելափայտ։
Հաշվի առնելով, որ ձմեռային ամիսներին ընտանիքները ջեռուցման նպատակով օգտագործում են շուրջ 15 խոր․մ փայտ, ինչը նշանակում է, Շիրակի մարզի ջեռուցվող 6 ամիսներից մնացած 3 ամսվա համար անհրաժեշտ կլինի ոչ ավելի 7 խոր․մ։ Քանի որ, որպես օգնություն տրամադրվող վառելափայտը ճիշտ չէ, որ ամբողջությամբ ծածկի պահանջարկը, կես ամիսն էլ կանցնի մինչև որոշման ընդունումը, առաջարկվում է յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսել մեկ խոր․մ վառելափայտ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։