Անհայտ կորած զինվորների ծնողները նամակ են հանձնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
Այսօր՝ փետրվարի 10-ին, Էջմիածնում տեղակայված քիմմիական պաշտպանության ստորաբաժանման 40 զինծառայողների հարազատները, որոնց արցախյան պատերազմի ժամանակ տեղափոխել են Կովսականի շրջան, և մինչ օրս անհայտ կորած են համարվում, հերթական ակցիան են անցկացրել Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև:
Զինվորներից մեկի հայրը՝ Տիգրան Ադոյանը, պատմել է, որ իրենք դիմել են բոլոր պատկան կառույցներին, բայց ապարդյուն։ «Ոչ ոք չի կարող մեզ օգնել։ Ոչ ոք չի զբաղվում մեր տղաներին վերադարձնելու հարցով։ Հիմա մենք ուզում ենք, որ դեսպանը գոնե լսի մեզ», - ասաց նա՝ հավելելով, որ հնարավոր է՝ գերիներին վերադարձնելու նոր պայմանագիր ստորագրվի։
Ծնողները նշում են, որ իրենք այլեւս չեն կարող սպասել։ Նրանք պնդում են, որ տեղեկություններ ունեն այն մասին, որ իրենց երեխաները ոչ թե մահացել են, այլ գերի են ընկել։ Հավաքվածները նամակը փոխանցել են դեսպան Սերգեյ Կոպիրկինին։