Ռուս խաղաղապահները Արցախի օդանավակայանը պատրաստում են գործարկման․ hetq
Արցախում ռուս խաղաղապահները մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, այդ թվում՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում։ Խաղաղապահները Արցախի տարածքում ավաններ են կառուցում։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը «Հետք»-ին հայտնել է, որ մեծ ծավալի շինարարություն արդեն ավարտին են հասցրել։ Օդանավակայանի և դրան հարող տարածքներում բնակվելու համար ավաններ են կառուցում, իսկ օդանավակայանը պատրաստում են գործարկման։
Օդանավակայանից պլանավորված է ռազմականից բացի իրականացնել նաև քաղաքացիական թռիչքներ, հումանիտար նպատակներով օգտագործել։
Հարցին՝ տեխնիկական վերազինումը հասկանալի է, բայց քաղաքական որոշում էլ է պետք վերագործարկման համար, Արտակ Բեգլարյանը պատասխանել է․
«Որքան հասկանում եմ որոշակի քաղաքական հարցեր կան, որոնք եռակողմ պայմանավորվածության քննարկումների շրջանակներում են։ Բայց դրական միտումը ու հիմքը կա, և իմ հույսը այն է, որ առաջիկայում հարցն ամբողջապես կլուծվի»։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը դժվարացել է կոնկրետ ժամկետ ասել օդանավակայանի վերագործարկման համար, բայց վստահեցրել է, որ նախնական ժամկետների վերաբերյալ խոստումներ եղել են նաև ռուսական կողմից։
Եթե օդանավակայանը գործարկվի, ապա Ստեփանակերտից Մոսկվա քաղաքացիական թռիչքներ իրականացնելու հարցը տեխնիկական է, այդ առումով, ըստ Արտակ Բեգլարյանի, հարցեր չեն լինի։