24.11.2024
Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին. քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցերը

Փետրվարի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին:


Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեսպան Սվենսոնը նշել է, որ Հայաստանում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանի հավատարմագրումը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների համագործակցության ընդլայնման ու խորացման համար:


Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում շարունակաբար իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և այս առումով երախտագիտություն հայտնել Շվեդիային ցուցաբերած աջակցության համար:


Բացի երկկողմ մակարդակում առկա համագործակցությունից՝ անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը:


Կողմերը քննարկել են անվտանգային հարցերը, այդ թվում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրադրությունը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և հայ գերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:


Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տնտեսական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով նախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագրի» նշանակությունը: Այս համատեքստում նա կարևորել է Շվեդիայի հետ ակտիվ երկխոսությունը՝ նոր ներդրումներ ներգրավելու, գիտության ու նորարարության ոլորտում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման առումով: Կարևորվել են նաև կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:


Մանրամասն անդրադարձ է եղել հանրային կառավարման բարեփոխումներին, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորություններին: Կողմերը քննարկել են նաև առողջապահության ոլորտում գործընկերության խորացման հեռանկարները: