ՍԴ-ն հետաձգել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումի քննությունը
Սահմանադարական դատարանը վաղը՝ փետրվարի 9–ին բանավոր ընթացակարգով պետք է քններ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վիճարկվում է նախորդ տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։
Սահմանադրական դատարանից հայտնում են, որ պատասխանող կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը հետաձգվել է մինչև փետրվարի 17-ը։ Խոսքը նախորդ տարվա հունիսին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխությունների մասին է, որի արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին և նրանք ուղարկվեցին թոշակի։
Այս փոփոխություններից երկու ամիս անց՝ նախորդ տարվա օգոստոսին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դիմել էին ՍԴ՝ Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Ըստ դիմումատուների՝ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ Բացի այդ ԱԺ–ն զրկել է Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից, ինչն ըստ ընդդիմադիրների, ևս հակասում է Սահմանադրությանը։
Նախորդ տարվա դեկտեմբերի 2–ին՝ ՍԴ–ն գործն ընդունել էր քննության և որոշել դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով՝ գործով որպես պատասխանող կողմ ներգրավելով Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Կառավարությանը: Իսկ այս տարվա փետրվարի 1–ին բարձր դատարանը բավարարել էր գործով դիմող կողմի միջնորդությունը և որոշել գործը քննել բանավոր ընթացակարգով:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձր դատարանը համալրվեց նոր անդամներով. ՍԴ դատավորներ դարձան Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը և Երվանդ Խունդկարյանը, իսկ Արմեն Դիլանյանն ընտրվեց ՍԴ նախագահ։