Ահասարսուռ դեպք Արարատում. 2-ամյա երեխա է մահացել, մայրը և տատը կասկածյալ են
Ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Հայաստանում:
Փետրվարի 7-ին Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։
Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, որոնք հայտնել են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։
Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։