26.11.2024
Հայաստանը շուտով կունենա ռուսական «Sputnik V» պատվաստանյութ. նախարար
prev Նախորդ նորություն

Ուզենք, թե չուզենք. Փաշինյանն ակնարկեց Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարը

Պետք է կայացնենք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերը առավել կարևոր և ընդունելի դարձնենք Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Պետք է փորձենք կայացնել այնպիսի որոշումներ, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում, հաշվի առելով Հայաստանի հավասարակշռված շահերը, և պետք է փորձենք գտնել լուծումներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, ուզենք, թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում անվտանգային համատեքստում:


Կառավարությունն այսօր հաստատեց  Տնտեսական արձագանքման ծրագիրն ու գործողությունների նախնական պլանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2005-ին հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն` հաստատված ընդհանուր պաշարներն այդտեղ կազմում են 89.376,3 հազար տոննա հանքաքար, 73,7 տոննա ոսկի, 294.367 տոննա արծաթ:


2014 թվականին ՀՀ կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ին տվել էր Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։


Ներկայիս իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը դեմ էին արտահայտվում Ամուլսարի շահագործմանը, ակտիվ ընդդիմախոսներից էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը և նախկին այլ ակտիվիստ-ընդդիմադիրներ: Հեղափոխությունից հետո, սակայն Փաշինյանի թիմում տրամադրությունների փոփոխություն տեղի ունեցավ, Ամուլսարի շահագործմանն արդեն այլ պրիզմայով էին նայում: Իսկ 2019 թվականին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հարցը վերանայման կարիք ունի, թեև համաձայնեց, որ Ամուլսարի շահագործումից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել:


«Լիդիան Արմենիա» ընկերությունը գրանցվել է 2005 թվականի հոկտեմբերից, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Այն գրանցված է Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում։  


Ընկերության ներկայացմամբ, հանքի շահագործման պարագայում ՀՀ պետական բյուջե հարկային մուտքերը տարեկան կկազմեն 40-50 մլն դոլար: Մինչդեռ բնապահպաններն ահազանգում են ոչ միայն ահռելի վտանգների մասին, որոնք սպառնում են Հայաստանի բնակչությանը հանքավայրի շահագործման դեպքում, որոնք կարող են նաև բնապահպանական աղետի հանգեցնել, այլև նշում, որ շահագործման 9 տարիների ընթացքում «Լիդիան Արմենիան» 73,7 տոննա ոսկու վաճառքից կստանա շուրջ 3,5 մլրդ դոլար շահույթ։ Իսկ ահա ՀՀ պետական բյուջեն այդ նույն 9 տարիների ընթացքում կստանա 360-450 մլն դոլար մուտք, գումարած նաև լուրջ սպառնալիքներ՝ նախևառաջ Հայաստանի ռազմավարական ջրային պաշարներին, բնակչության առողջությանն ու էկոհամակարգին: