Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ. Մարուքյան
Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե Արցախում չլինեին ռուս խաղաղապահներ, մենք կշարունակեինք պնդել, որ Արցախի անվտանգության երաշխավորն ենք։ Բայց հիմա խաղաղությունը տարածաշրջանում պահպանվում է խաղաղարար ուժերի կողմից։ 90-ական թվականներին հաստատված խաղաղությունը ավերվեց վերջին պատերազմի ընթացքում և վերականգնվեց խաղաղապահ զորախմբի միջոցով։ Ըստ այդմ՝ անվտանգության երաշխավորներն այսօր խաղաղապահ ուժերն են», - իր դիրքորոշումը բացատրել է Մարուքյանը։
Նա վստահ է, որ խաղաղապահ ուժերը չեն հեռանա տարածաշրջանից այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել Արցախի կարգավիճակը։
Պատգամավորը նշեց, որ Արցախի վերաբերյալ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակին վերաբերող կետ չկա: Փաստաթղթում նշվում է, որ հարցը կորոշվի բանակցությունների ընթացքում, ինչպես նաեւ նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը գործում է եւ գործելու է: Նա կտրականապես հերքել է Արցախի՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով գտնվելու հնարավորությունը։
«Կարծում եմ, որ բոլորին արդեն պարզ է դարձել, որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել նույն ձևաչափով», - եզրափակեց Մարուքյանը: