Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի սահմանադրական նոր փոփոխությունների շուրջ բանավեճ սկսելու անհրաժեշտության մասին, հաղորդում է EADaily-ն:
«Հնարավոր է, Թուրքիայի համար ժամանակն է նորից անդրադառնալ նոր սահմանադրությունը: Մենք կարող ենք դրան անցնել մոտ ժամանակներս», - ասել է նա թուրքական կառավարության նիստի արդյունքներով։ Նրա խոսքով՝ «այդ գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ»։ «Վերջնական տեքստը պետք է ներկայացվի ազգի հայեցողությանը», - նշել է Էրդողանը:
«Եթե մենք այս թեմայի շուրջ համաձայնության հասնենք Ժողովրդական դաշինքի (իշխող կուսակցություն) հետ, ապա առաջիկայում ձեռնամուխ կլինենք նոր Սահմանադրության վրա աշխատանքին, խորհրդարանում քայլեր կձեռնարկենք օրենսդրության ուղղությամբ, եւ նախագահի աշխատակազմում՝ վարչական գործառույթների մասով», - հավելել է Թուրքիայի նախագահը:
2017-ի ապրիլին Թուրքիայում անցկացվեց սահմանադրական հանրաքվե։ Դրանից մի քանի ամիս առաջ խորհրդարանը հավանություն տվեց Էրդողանի առաջարկած սահմանադրության 18 ուղղումներից բաղկացած փաթեթին։
Մասնավորապես, նա առաջարկել է վերացնել վարչապետի պաշտոնը, ինչպես նաեւ նախագահին իրավունք տալ անձամբ նշանակել նախարարներին, ներկայացնել բյուջեն, առաջադրել բարձրագույն դատարանների դատավորների մեծամասնության թեկնածությունները եւ հրամանագրեր հրապարակել, որոնք կստանան օրենքների կարգավիճակ: Բացի այդ, Էրդողանն առաջարկել էր նախագահին արտակարգ դրություն հայտարարելու եւ խորհրդարանը ցրելու հնարավորություն տալ։
Արդյունքում երկրի բնակչության 50 տոկոսից մի փոքր ավելին կողմ է քվեարկել սահմանադրության փոփոխություններին (խոշոր քաղաքների բնակիչների մեծամասնությունը, բացառությամբ Բուրսայի, դեմ է քվեարկել): Այսպիսով, Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգից անցավ նախագահական համակարգի։
Էրդողանը պնդել է, որ Սահմանադրության բարեփոխումն անհրաժեշտ է երկրում անվտանգության ամրապնդման համար, հատկապես 2016 թվականի ամռանը ձախողված պետական հեղաշրջումից հետո։ Նոր համակարգը, ասել է նա, կհիշեցնի ֆրանսիական եւ ամերիկյան համակարգը եւ «հանգստություն կբերի ցնցումների շրջանում»: