24.11.2024
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին
prev Նախորդ նորություն

Եթե Փաշինյանը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան

Պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը. ես այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ ոտքով էի քայլում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, հայաստանյան մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


«Պատերազմի օրերին ես երկու շաբաթ եղել եմ Ստեփանակերտում։ Արանքում 4-5 օր ընդմիջում եղավ դատական նիստի համար, վերադարձա, հետո գնացի. դա էլ մի այլ աբսուրդ է։ Երկրորդ շաբաթը Ստեփանակերտը դաժան ձեւով ամբողջ օրը գնդակոծվում էր, շատ դաժան էր։ Դա եղավ, երբ Գյանջան հրթիռակոծվեց, չգիտեմ՝ որն էր ավելի շուտ, հուսով եմ, որ մենք արձագանքել ենք իրենց ռմբակոծմանը։ Մի հետաքրքիր բան. նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել, դա նույնիսկ մամուլում եղավ»,- ասաց երկրորդ նախագահը։


Խնայո՞ւմ էին Արայիկ Հարությունյանին


Ռոբերտ Քոչարյանը պատմեց, որ 1992-94 թվականներին Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եղած ժամանակ իր նստավայրը եղել է Կառավարության շենքը, որը մոտ 12-13 անգամ գրադով հարված է ստացել. «Շենքի վերջին հարկը գրեթե չկար, վերեւից կարծես կրծած լիներ։ Շենքի վրա մեկ ապակի չէր մնացել, ամբողջը ցելոֆանով էր փաթաթված, շենքի շուրջն էլ ոնց որ մարտական դաշտ լիներ։ Այն ժամանակ այդ բարձր ճշգրտության զենքերը չկային, բայց մենք թիրախ էինք։ Երկու տարի այդ պայմաններում նստել ենք, եւ ես երբեք գոնե մեկ անգամ բունկեր չեմ իջել։ Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել է, կրկնակի ավելի մարդ վիրավորվել է։ Ինչո՞ւ էր նրանց հետաքրքում Ջալալի գրասենյակը, երբ հրթիռով ուղղակի հարվածել են այդ գրասենյակին, ինչո՞ւ էր նրանց հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, մեր հրամանատարական կետերն Աղդամում, Մարտունիում, Հադրութում, Ջալալի մեքենան՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ գնալուց կամ Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին մոտ հարյուր քանի կիլոմետր տարածության վրա։ Այդ շենքի մի պատուհան չի ջարդվել, բոլոր ապակիները տեղում էին։ Ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են»։


Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատերազմի այդ օրերին նախագահական շենքում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամոտ թիմակիցները. «Պատերազմի առաջին օրից այդ նախագահական շենքում իր ամենամոտիկ թիմակիցներն էին նստած, իրար հերթափոխում էին, միշտ մարդ եղել է հենց այդ շենքում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին, վերջը ինքը հայտարարեց, որ Գյանջայի կրակելու հրամանն ինքն է տվել։ Իմ տպավորությունն այն է, որ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում, եւ շատ հավանական է, խնայում էին, որովհետեւ այդ մարդիկ այլ խնդիր ունեին, որ մենք հանկարծ այս պատերազմը չհաղթենք, ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորած է։ Նույնիսկ Ղարաբաղում եղած ժամանակ մարդկանց հետ խոսում, ասում էին՝ էս ի՞նչ էր, որտեղից այս սերը այն շենքերի նկատմամբ, որոնք անցած պատերազմում եղել են հիմնական թիրախներից մեկը»։


Պառակտել և բաժանարար գրեծ մտցնել


Նրա խոսքով, մեծ ջանասիրությամբ, ոգեւորությամբ, հետեւողականորեն արվել է ամեն ինչ, պառակտել են հասարակությունը սեւ ու սպիտակի, հարուստի-աղքատի, ռուսամետ-հակառուս բաժանարար գծեր ենք մտցրել մեր հասարակության մեջ:


«Սովորաբար ի՞նչ է անում մեկ պետությունը մյուսի դեմ, եթե համարում է, որ այդ պետությունն իր համար սպառնալիք է կամ խանգարում է ինչ-որ բաներում, կարճ ասած՝ թշնամի համարվող պետության դեմ։ Կա դասական փաթեթ. առաջինը՝ պառակտել հասարակությունը։ Անում են դա, եւ մենք պատմությունից բազմաթիվ օրինակներ ունենք՝ նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ինչպես էին բոլշեւիկներին ֆինանսավորում Ռուսաստանում հեղափոխություն կազմակերպելու համար։ Երկրորդը` թուլացնել բանակը եւ անվտանգության հետ կապված բոլոր համակարգերը, երրորդը՝ անվստահություն սերմանել պետական իստիտուտների նկատմամբ եւ չորրորդը՝ փչացնել հարաբերությունները դաշնակիցների եւ բարեկամ պետությունների հետ։


Հիմա հակառակից գանք, այդ չորս գործողություններից ո՞ր մեկը չի արել ՀՀ վարչապետը, օգնեք ինձ։ Մեծ ջանասիրությամբ, ոգեւորությամբ, հետեւողականորեն արվել է ամեն ինչ, պառակտել ենք սեւ ու սպիտակի, հարուստի-աղքատի, ռուսամետ-հակառուս բաժանարար գծեր ենք մտցրել մեր հասարակության մեջ, քայքայել ենք բանակը, սկսել ենք դա «Մարտի 1-ի» քրեական գործով, գեներալ-գնդապետների մեղադրանքներով, բազմաթիվ այլ ճանապարհներով փորձել ենք վարկաբեկել մարտական ուղի անցած մեր հերոսներին, անվտանգության համակարգը հանձնարարություն էր ստանում սատանա փնտրել, ՀԴՄ կտրոններ ստուգել, այլ ոչ թե թշնամու գործակալական ցանցը հայտնաբերել Հայաստանում»,-ասաց նա։


Երկրորդ նախագահի խոսքով` մենք պատերազմի օրը չգիտեինք, որովհետեւ այդ համակարգում, որտեղ աշխատում են նորմալ մարդիկ, հանձնարարված էր սատանա փնտրել եւ փնտրում էին։


«Հիշում եք՝ կառավարության նիստում այդ հայտնի արտահայտությունները։ Անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ․ չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը ոչ միայն այս 44 օրվա ստերի մասին է, այլ մոտ 3 տարվա ստերի։ Այս ամբողջ դասական փաթեթն իրականացվել է Հայաստանում։ Ես չեմ կարող ասել, որ այս իշխանությունները թուրքական գործակալներ են, բայց կարող եմ ասել մի բան․ եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանի Հանրապետությունում, պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր էին արվում, դա մեծ հարց է, եւ դա եւս պետք է պարզել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որը պետք է բացահայտել»,- հավելեց նա։