23.11.2024
Այլևս ազդեցության լծակներ ունենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա. ՀՌԱՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Եռակողմ հայտարարությունը չի լուծել ԼՂ հիմնախնդիրը. Արարատ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


ԱԺ-ից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը եւ բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման եւ թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարեւորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք եւ վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:


Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաեւ, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:


Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: