27.11.2024
Պեկինը քննարկում է Մեծ մետաքսի ճանապարհի վերականգնմանը Հայաստանի մասնակցության հարցը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. USAID-ին կարող է դադարեցնել գործունեությունը Հայաստանում

Verelq.am-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը: Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արևելքում "անջատողականների" վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները և վաճառում:

Ուկրաինայի արևելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով և հարվածում տեղական արտադրողին: Բայց առանց այս էլ ամրանների տեղական արտադրությունը արդեն ամիսներ շարունակ գտնվում է ուկրաինական, ռուսական և վրացական ամրանների «ճնշման» տակ: Գրիվնայի, ռուբլու և լարիի կտրուկ արժեզրկման պատճառով այդ երկրներում արտադրվող ամրանները տեղական շուկայում էժանացել են մոտ 30 տոկոսով: Ներկրվող ամրանների հետ մրցակցելու համար մեր արտադրողները նվազեցրել են իրենց արտադրանքի գները և հայտնվել սնանկացման եզրին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը լրանում է ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Այսօր եթե ասենք, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման մեկ տարում այդպես էլ չկարողացավ որեւէ դրական արդյունք արձանագրել, նշանակում է՝ ոչինչ չասենք: Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում, ինչպես նրա նախորդի կառավարման շրջանում, Հայաստանի տնտեսությունը շարունակում է հաստատուն գահավիժել: Չկա ոչ մի տվյալ, որը Հայաստանի ապագայի հետ կապված լավատեսություն կներշնչի: Փորձենք Հովիկ Աբրահամյանի կառավարումը գնահատել թվերով. 2013 թվականի արդյունքներով Հայաստանից անվերադարձ մեկնած քաղաքացիների, ասել է թե՝ արտագաղթի թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ, 2014-ին այդ թիվը կազմեց ավելի քան 47 հազար: 2014-ի առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել էր 218 մլն 116 հազ. դոլարի ապրանք, այս տարի՝ 163 մլն 59 հազ.-ի, անկումը կազմել է 25,2 տոկոս: 2014-ի ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են 1 մլրդ 970 մլն 300 հազ. դոլար, այս տարի՝ 1 մլրդ 491 մլն 500 հազ.: Հայաստանի արտաքին պահուստները նվազել են 478 միլիոն 800 հազար դոլարով: 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել էր 4,6 տոկոս, այս տարվա արդյունքներով կազմել է 5,1 տոկոս: Տնտեսությունում առկա ծանր կացությունը բնութագրող թվերը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ վերը բերվածը լիարժեք բավարար է՝ Հայաստանում հաստատված գաղջի հաղթարշավը բնորոշելու համար: Իսկապես, բարդ ժամանակներում ենք ապրում»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կառավարությունում ոստիկանության 2014թ. գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը: Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության մամուլի ծառայությունը այս մասին որևէ տեղեկություն չի հաղորդել, և ոստիկանության կայքում, ի տարբերություն կառավարության կայքի, սրա մասին որևէ հաղորդագրություն չկա: Մեր աղբյուրների պնդմամբ, երեկվա այդ քննարկման հետևանքով Աբրահամյանի և Գասպարյանի առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի են սրվել: Ասում են, քննարկումից հետո երկուսն էլ նեղ շրջապատում արտահայտվել են, թե երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Իտալիայից, գնալու են նրա մոտ և հարց են բարձրացնելու կամ ես, կամ նա: Չի բացառվում, սակայն, որ մինչև Սարգսյանի վերադարձը էմոցիաները հանդարտվեն»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կարող է փակվել կամ ծրագրերն ընդհուպ կրճատել ՀՀ–ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կամ հայտնի USAID-ն: Մեր հարցին` ինչո՞ւ է ԱՄՆ-ը որոշել փակել այդ գրասենյակը կամ ֆինանսավորումը կրճատել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Բոլոր այն պետությունների կամ միությունների համար, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է կամ այդ կառույցի անդամ երկրներն են, խնդիր է, թե ի վերջո ինչքանով է ԵՏՄ-ն ներխուժելու ՀՀ կյանք: Տվյալ դեպքում ԱՄՆ-ը կարող է ծրագրեր իրականացնել ինչ-որ ոլորտներում եւ հանկարծ հայտնաբերել որ ԵՏՄ-ն ներխուժել է նաեւ դրանց մեջ»: