Քանի դեռ Փաշինյանն ու իր թիմը երկրի իշխանությունն են, մենք կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ, իսկ երկրի անվտանգությունը օր օրի ավելի է թուլանում: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
- Պարոն Սահակյան, ինչպես կգնահատեք ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Նոյեմբերի 9-ից հետո կանխատեսումներ էին հնչում, թե այս իշխանությունը երկար չի կարող մնալ, քանզի պարտված է, բայց իրավիճակ չի փոխվել:
- Ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում և համաշխարհային պատմության մեջ ընդունված է, որ պարտվող կողմը պետք է թողնի իշխանությունը, որպեսզի դա նոր հնարավորություն, նոր էջ, նոր լույսի նշույլ բերի այդ ժողովրդին ու պետությանը: Բայց օրվա իշխանությունը այդ մասին կարծես թե չգիտի և, հակառակը, փորձում է ամեն գնով իշխանությունը պահել, բայց ամեն գնով իշխանությունը պահելու ամեն օրը ավելի է խորացնում ճգնաժամը, իսկ մենք գնում ենք դեպի անդունդ՝ խորացնելով հակասությունները թե՛ հասարակության, թե՛ պետության մեջ, թե՛ արտաքին աշխարհի հետ:
Մենք տեսնում ենք, որ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, իշխանությունը փորձում է ամեն գնով այս պարտությունը՝ "բացի մեզնից բոլորը մեղավոր են" սկզբունքով բոլորի վրա տարածել: Բայց պարտության հասցեատերը մեկ մարդ ու մեկ քաղաքական թիմ է՝ Նիկոլ Փաշինյանն ու "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, ովքեր պատասխանատու են մեզ այս ճակատագրական ու ողբերգական կետին հասցնելու համար: Եվ մեր ապագան այսօր կարող է նշմարվել միայն մի դեպքում, եթե նրանք ժամ առաջ հեռանան:
-Ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ իշխանությնա հեռացման հարցը ավելի առարկայական օրակարգ դարձնել և հաջողել:
- Սա բավականին բարդ ու բազմաշերտ գործընթաց է: Այո, իհարկե եղել են նաև կազմակերպչական առումով 17+-ի մեջ բազմաթիվ բացթողումներ, որոնց հետ ես անձամբ համաձայն չեմ եղել և խնդիր եմ տեսել այստեղ: Բայց իրականում խնդիրը կազմակերպչականի մեջ չէ, այլ մեր ժողովրդի, հասարակության գիտակցության և դրսևորումների մեջ: Այսինքն, կապիտուլյացիոն ակտ ստորագրած քաղաքական թիմը չպետք է մնա կամ դրա մնալը չպետք է պայմանավորված լինի այն հարցով, թե արդյոք հանրության 60 տոկոսը դուրս կգա փողոց, թե՞ ընդամենը 10 տոկոսը: Այստեղ կա ընդամենը մեկ պարզ ճշմարտություն՝ այդ թիմը պետք է հեռանա, որպեսզի հնարավորություն տրվի երկրին ոտքի կանգնել ու զարգանալ և կորցրածը ետ բերել:
Այս ընթացքում շատ եմ լսել ու կարմիր թելով հատկապես անցնում է այն տեսակետը, թե՝ այ, որ գան, ի՞նչ են անելու, հո այդ 7 շրջանները, Շուշին ու Հադրութը, որը նվեր տվեցին Ալիևի ընտանիքին Ադրբեջանի դրոշի օրը, հո դրանք հետ չե՞ն բերելու: Ասեմ հետևյալը. մեր բանակը, մեր պետությունը հասցրեցին այնպիսի օրին, որ մենք այսօր կանգնած ենք պետականությունը կորցնելու իրական վտանգի առաջ, իսկ Արցախի մասին խոսելն այլևս գրեթե անիմաստ է, քանի որ այն գտնվում է ռուսական վերահսկողության տակ և այլևս որոշողը ռուս խաղաղապահներն են: Իսկ հարցը, թե ի՞նչ կարող են անել նրանք, ովքեր կգան այս դավաճան թիմին փոխարինելու, նախևառաջ պետք է շատ արագ փորձեն վերականգնել վստահությունը իշխանության ու պետության հանդեպ, որովհետև շատ ու շատ գործողություններ, որ տեսել ենք վերջին ամիսներին ("Հայաստան" համահայկական հիմնադրամի շուրջ և այլն) որևէ հույս և հավատ չեն ներշնչում, որպեսզի աշխարհի հայությունը համախմբվի մի նպատակի շուրջ: Բայց ես համոզված եմ, որ երբ սրանք գնան ու այդ վստահությունը վերականգնվի, իշխանության գան նվիրյալներ, որոնք մի կողմ կդնեն սեփական ամբիցիաները ու կգործեն հանուն ՀՀ ու հայ ժողովրդի, նրանց թափանցիկ գործունեության արդյունքում և ամբողջ հայության ներուժի համախմբման արդյունքում մենք կկարողանանք ամրագրել, թե ինչ արդյունք ենք ակնկալում վեց ամսվա ընթացքում ունենալ, մենք նաև կկարողանանք գնալ այդ ուղղությամբ: Բոլորս հասկանում ենք, որ առաջնային մեզ անհրաժեշտ է շատ արագ վերազինել մեր բանակը, որը պետք է դառնա զսպման գործիք տարածաշրջանում, իսկ այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք խոսել բարձր դիրքերից, ոչ թե պարտվողի, ինչպես այսօր է: Այդ իրավունքը մենք պետք է ձեռք բերենք ինքներս և կարող ենք, բայց ոչ այս թիմի օրոք:
-Իշխանությունում առկա վերադասավորումները որոշները գնահատում են, իբրև Փաշինյանի հեռանալու նախերգանք: Մասնավորապես, Լիլիթ Մակունցին ԱՄՆ որպես դեսպան գործուղելը ինչպե՞ս կգնահատեք:
- Իշխանությունն էլ է հասկանում, որ այլևս չունի հեղինակություն, իրենք էլ են տեսնում, որ իրենց ցանկացած նախաձեռնություն կամ ծրագիր որևէ աջակցություն չի գտնում հանրության մոտ և փորձում է իր օրակարգը թելադրելով գնալ ընտրությունների, որպեսզի կարողանա իր համար հարմար դիրքերում տեղավորվի հաջորդ քաղաքական խճանկարում: Իհարկե ճիշտ եք նկատում, որ այս պահին իշխանությունը զբաղված է յուրայիններին, որոնք թիմի համար կարևոր գործառույթներ են իրականացրել ու վստահելի են, շատ արագ տարբեր տեղեր տեղավորելով, որպեսզի շատ հարցերում ապահովագրված լինեն, օրինակ, եթե ընտրությունների ելքը իրենց համար լինի բացասական:
Նման վերադասավորումները պետության զարգացման տեսանկյունից ուղղակի անթույլատրելի են, քանի որ կոտրում են զարգացման ողնաշարը, իսկ այդ իրավիճակը կարող է փոխել միայն իշխանափոխությունը: Այնպես որ թերևս զարմանալու տեղ էլ չի մնացել, թե ինչպես կարող է այս կամ այն անձը նշանակվել որևէ պաշտոնի, որովհետև այսպես կոչված "նոր Հայաստանում" պետական ինստիտուտների որակն ու նշանակությունը ուղղակի զրոյացվեց, հեղինակություն չունեն այլևս: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ՀՀ ԱԳ նախարարը գնում է Արցախ, իսկ Ալիևը հոխորտում է, թե հաջորդ անգամ նման բան կրկնվի իրենք այլ քայլերի կդիմեն, ու սա այն ֆոնին, որ Արցախ պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի ու որոշողը ռուս խաղաղապահներն են, մինչդեռ իրենց կողմից այդքան սիրելի նախկինների ժամանակ աշխարհի տարբեր երկրներից պաշտոնյաներ էին այցելում Արցախ: Ու միակ սպառնալիքը Ադրբեջանի "սև ցուցակում" հայտնվելն էր: Իսկ այսօր ուղղակի տեղաշարժվելը ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում վտանգավոր է և հայտնի չէ, թե ինչով կավարտվի.... Ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի, ժողովրդին ստորաբար խաբելու վրա կառուցված իշխանությունը պետք է հեռանա:
- Ինչպիսի՞ զարգացումներ սպասենք առաջիկայում:
- Քանի դեռ այս իշխանությունն է, քանի դեռ երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունեցել, մենք ամեն օր կանգնած ենք պետությունը, մեր անվտանգությունը կորցնելու վտանգի առաջ, առավել ևս, որ բոլորս ենք հասկանում՝ այս մարդիկ չեն կարող պաշտպանել մեր շահերը, չեն կարող նույնիսկ բանակցել: Հետևապես առաջնային խնդիրը նրանց հեռացնելն է: Պետք են նվիրյալներ, ես անձամբ պատրաստ եմ ցանկացած գործ անել, Հայաստանի ցանկացած անկյունում, պետք է համախմբվենք համայն հայությամբ ու երկիրը ոտքի հանենք, դուրս բերենք այս անդունդից: Միակ փրկությունը սրանց հեռացնելն է ու երկիրը նորից կառուցելը:
Լիա Խոջոյան