Հայաստանի պետական շատ կառույցների գործունեությունը կաթվածահար է. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանի շատ պետական կառույցների գործունեությունը կաթվածահար է, եւ արտաքին գործերի նախարարությունը նրանց թվում է։ Նման տեսակետ այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ինքն անձամբ ծանոթ է ԱԳՆ բազմաթիվ աշխատակիցների՝ պրոֆեսիոնալ դիվանագետների հետ, որոնք խիստ դժգոհ են նախարարի վարած քաղաքականությունից։ Պատգամավորն ընդգծեց, որ գործող արտգործնախարարն անշեղորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները՝ անկախ նրանից, թե որքանով են այդ հրահանգները ճիշտ, օրինական և բխում երկրի շահերից:
Նա նշել է, որ իրեն տեղեկություններ են հասնում արտաքին քաղաքական գերատեսչությունում աճող դժգոհության մասին։
«Լարվածությունն այնտեղ աճում է, վաղ թե ուշ այդ դժգոհությունը կպայթի։ Եվ նման իրավիճակ է նկատվում գրեթե բոլոր գերատեսչություններում», - հայտարարել է նա՝ հավելելով, որ ըստ էության բոլոր պետական կառույցները կաթվածահար են եղել քաոսի պատճառով։ Ներկայիս իշխանությունների գործողությունները մեծ հարված են հասցնում Հայաստանի պետականությանը, որն անդառնալի հետևանքներ կունենա։