Դինքի սպանության գործով ձերբակալվել է ժանդարմերիայի ևս 1 սպա
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության քրգործի շրջանակներում ձերբակալվել է կասկածյալ Օքան Շիմշեքը, հայտնում է ermenihaber.am-ը:
Թուրքական դատարանը հունվարի 8-ին Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին սպա Օքան Շիմշեքին ձերբակալելու որոշում էր կայացրել՝ Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար:
Թուրքիայի իրավապահ մարմինները Շիմշեքին ձերբակալել են Մանիսա քաղաքում:
Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից։