ՌԴ ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Մարտակերտի ավելի քան 250 բնակիչների
Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետներն ավելի քան 250 տեղացի բնակիչների օգնություն են ցուցաբերել Մարտակերտ քաղաքի ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Տեղի բնակիչների ընդունելությունը ՌԴ Պաշտպանության նախարարության մասնագետների կողմից իրականացվում է Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում: Արտագնա բժշկական բրիգադները պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերում հեռավոր բժշկական կետերում։
Ընդամենը հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1200 բնակիչներ ստացել են որակյալ բուժօգնություն, այդ թվում՝ 157 երեխա։
Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ՝ տեղակայված շարժական հոսպիտալում որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների զննումից հետո:
Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ:
Բժշկական ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։