VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրվեց, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այլեւս չի ցանկանում ակտիվ քաղաքականություն վերադառնալ։ Ասե՞լ է նման բան ձեր նախագահը՝ երեկ մեր լրագրողը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեք «ակտիվ քաղաքականություն» ասելով։ Հիմա ես ակտիվ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եմ․ զբաղվում եմ, չէ՞։ Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն ու իշխանության ձգտելը տարբեր բաներ են։ Մի բան կարող եմ վստահեցնել, որ ՀՀԿ-ն այս պահին իշխանության չի ձգտում, ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ գաղտնի բանակցությունների մեջ չէ եւ պլաններ չի գծում, որ ապագա պառլամենտում ունենա ներկայացվածություն»։ Իսկ 17 ուժերի մեջ կա՞ն այդպիսիները։ «Ես չգիտեմ, այդպիսի ուժեր չեմ ճանաչում, օրը կգա, բարին՝ հետը, կտեսնենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։ Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ փաստեր կհրապարակեն։ Իշխանությունում կարծում են, որ այլ եղանակով հնարավոր չէ պատգամավորներին սանձել, անգամ քրեական հետապնդումներով՝ դա կներկայացնեն որպես քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս են եկել Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Իսկ Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը նաեւ մանդատն են վայր դրել»:
«Ժողովուրդ» օրաթերթըո գրում է. «Որքան էլ գործող իշխանությունը ձեւացնում է, թե իշխանության ներսում ամեն ինչ հարթ է, այնուամենայնիվ, շարունակ լուրեր ենք ստանում հակառակի մասին։ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ կուլիսային խոսակցությունների ժամանակ դժգոհում են, որ ուզում են հեռանալ այս իշխանությունից։ Առայժմ ամեն մեկը մնացել է իր անձնական պատճառով։ Իսկ խմբակցության միասնականության «պատասխանատուները» կարծում են, թե ԱԺ իշխող խմբակցությունը կուռ է, ու վերջին դուրս եկողը պետք է լիներ Տիգրան Կարապետյանը Սյունիքից։ Սոֆիա Հովսեփյանը հունվարի 8-ին խառնեց այդ պլանները իր խմբակցությունից դուրս գալով։ Դրա համար էլ ՔՊԿ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ մի քանի շարքայիններ իրենց առջեւ խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին, որ հանկարծ արտահոսք չլինի։ Սակայն, ի հեճուկս նրանց, առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ։ Armlur.am-ին այդ մասին տեղեկություններ հասել են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանին եւ Գոռ Գեւորգյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։ Մինչ այդ Թովմասյանն անդամակցում էր մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Գեւորգյանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Իշխող թիմում կարծում են, որ սա պատժի ձեւ է, որը կիրառում են այն պատգամավորների նկատմամբ, որոնց ինքնագնահատականն ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկին վայել է։ Այսպես կոչված՝ «պրեստիժնի» հանձնաժողովներից տանում են անգործության մատնված հանձնաժողովներ, որտեղ գրեթե նիստեր տեղի չեն ունենում։ Թովմասյանի տեղը նախկին հանձնաժողովում համալրել է Լենա Նազարյանը, իսկ Գեւորգյանի փոխարեն՝ Գոռ Երանյանը, ով մինչ այդ գիտության եւ կրթության հանձնաժողովի կազմում էր։ Վարդան Աթաբեկյանն ու Սոֆյա Հովսեփյանն առայժմ իրենց տեղում են, իսկ նորաթուխ Աննա Գրիգորյանին դեռ որեւէ հանձնաժողովում չեն տեղավորել, նրա կենսագրությունն անգամ չի տեղադրվել ԱԺ կայքում։ «Իմ քայլում» ասում են՝ Գրիգորյանը քոչարյանական է։ Ամեն ինչ արել են, որ Տիգրան Կարապետյանը մանդատը վայր չդնի, որպեսզի Ա․ Գրիգորյանը չմտնի ԱԺ, բայց չի ստացվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը։ Ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց՝ հրավիրելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունն այդպես ներկայացվեց։ «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան դերակատարն այլեւս զրո է, իսկ խորհրդատվության կարիք չունի, քանի որ ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել»,- ասաց ԱԽ մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ մարդիկ պնդում էին, որ մեզ նոր «բանակցող» է հարկավոր, քանի որ պարտված վարչապետը ոչ միայն հոգեբանորեն է ընկճված ու անգործունակ, այլև չի կարող առաջիկա բանակցություններին մասնակցել և ինչ-որ հաջողություններ գրանցել, շատերը չէին հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Երեկ մենք ակնառու կերպով համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այլևս իրավահավասար անձ չէ Պուտինի և անգամ Ալիևի կողքին՝ նրան լուրջ չեն վերաբերվում, և նա այլևս ի վիճակի չէ ինչ-որ բան հետ բերել կամ շտկել։ Երեկ Մոսկվայում մենք հերթական ստորացումն ապրեցինք, երբ բանակցություններն ընթացան ի վնաս մեզ և հօգուտ Ադրբեջանի։ Այն հայտարարության տեքստը, որը հրապարակվեց հանդիպման արդյունքում, կոմունիկացիաներին, իսկ պարզ ասած՝ Ադրբեջանի համար շահավետ ճանապարհներ ապահովելուն էր ուղղված։ Իսկ գլխավոր հարցը, որի համար ՀՀ ներկայացուցիչը պետք է կռիվ տար և ինչ-որ բան ստանար՝ մեր գերիների ու անհետ կորածների հարցը, այդպես էլ մնաց օդում կախված։ Հանդիպումից հետո Փաշինյանն էլ խոստովանեց, որ ռազմագերիների հարցը լուծել չհաջողվեց։ Էլ չենք խոսում Արցախի կարգավիճակի հարցի մասին, որը հարյուրապատիկ ավելի բարդ է, քան գերիների հարցը, որը և՛ օրախնդիր է, և՛ հումանիստական, և՛ առավել դյուրին լուծելի։ Հատկապես որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում էլ դրա մասին հիշատակում կա։ Արդյունքում ստիպված ենք արձանագրել, որ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ լուծել մեր պետության, մեր հասարակության առջև կանգնած խնդիրները։ Եվ մեր սահմանների հարցը մնացել է համայնքապետերի ու սահմանամերձ համայնքների բնակիչների, գերիների հարցը՝ նրանց հարազատների, Արցախի կարգավիճակի հարցը՝ արցախցիների հույսին։ Սա երկրում ճգնաժամ ու նախահեղափոխական նոր իրավիճակ է ստեղծել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը մինչեւ վերջ լուծված չէ, բայց կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը: Երեկ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ պատերազմից հետո առաջին հանդիպումից հետո այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նշեց, թե հանդիպման ժամանակ այդ հարցի կարգավորմանը հասնել չեն կարողացել: Նկատենք՝ հայկական կողմն այս բանակցությունների նախօրեին հայտարարել էր, թե հիմնական թեման բանակցությունների հենց գերիների հարցն է: Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին, սակայն, հստակ տեղեկություն չկա: Երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը մասնավորապես ասել էր, թե այնտեղ են գտնվում 62 հայ զինվորականներ, որոնց Բաքուն ռազմագերի չի համարում, այլ ահաբեկիչ, քանի որ նրանք գերեվարվել են հրադադարից հետո: Սակայն մոսկովյան առաջին հանդիպումից հետո Փաշինյանը նշեց, թե համաձայնություն ձեռք չի բերվել, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը: «Իհարկե, մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն:
Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»,- ասաց Փաշինյանը: Ստացվում է՝ այն նպատակը, որի համար Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, չի իրականացել, քանի որ վերջինս խոսում էր տրանսպորտային ապաշրջափակման մասին՝ հանուն ռազմագերիների վերադարձի, սակայն իրականացավ միայն առաջին մասը: Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք հանդիպումից հետո: Հանդիպման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինի հետ: Նա շատ կարեւոր համարեց Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը: «Եռակողմ հանդիպումը շատ կարեւոր էր, որը տեղի ունեցավ ամենաբարձր մակարդակով: Բացի այդ հայտարարությունից, այլ շատ կարեւոր հարցեր եւս քննարկվել են, որոնց մասին բարձրաձայնումներ չեղան: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ առանց ռուսական կողմի միջնորդության, չի հաջողվում հարցերը տեղից շարժել, խոսքը վերաբերում է նաեւ հայտարարությունում նշված կետերին, այդ թվում՝ տրանսպորտային ճանապարհներին, տնտեսական կապերին: Միայն ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին: Իհարկե, բոլոր հարցերի լուծումը մեծ ջանքեր է պահանջում եւ մեծ աշխատանք, որին ռուսական կողմը պատրաստ է», – վստահեցրեց փորձագերը։ Այսպիսով, պետք է փաստենք, որ Ալիեւն իր համար ղարաբաղյան կոնֆլիկտը համարում է լուծված, իսկ մենք դեռ ոչ միայն ռազմագերիների, այլեւ Արցախի կարգավիճակի հարց ու մի շարք այլ անորոշություններ ունենք։ Պատերազմից հետո ունենք բզկտված ներքին կյանք ու կորսված հայրենիք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին երեկ Մոսկվայում տեղի հայերը դիմավորեցին «Դավաճան հողատու» եւ նմանատիպ այլ պաստառներով։ Բայց ակցիան, կարելի է ասել, անշուք անցավ․ ինչպես Երեւանում չկարողացան կանխել նրա թռիչքը Մոսկվա, այնպես էլ Մոսկվայում չկարողացան նրան «պատշաճ դիմավորել»։ Ընդամենը մի քանի տասնյակ հայեր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, ինչ-որ պաստառներ էին փակցրել դեսպանության ցանկապատին՝ Փաշինյանին մերժող գրություններով, ստորագրահավաք էին անցկացնում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ վերջ։ Ակցիան կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, եւ տեղի դաշնակցականները։ Վերջիններս մեկ ժամ անց հեռացրին պաստառը, ինչից հետո էլ աստիճանաբար նվազեցին ակցիայի մասնակիցները։ Մեզ ասացին, որ նախորդ օրը մեկնարկած ստորագրահավաքին միացել է մոտ 500 մարդ, որից մոտ 70-80 հոգին երեկ է ստորագրել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 17-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր սեփական բնակարանում ինքնասպան էր եղել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ 5 օրից կլրանա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան մեկ տարին, եւ ամենակարեւոր հարցը՝ ինչու նա գնաց այդ ծայրահեղ քայլին, այդպես էլ չունեցավ իր պատասխանը: Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեկ տարի տեւած քննության արդյունքում Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են 10 -ից ավելի փորձաքննություններ, քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները: Նկատենք, որ ի վերջո վարույթն իրականացնող մարմինը մեկ տարի շարունակ քննեց միայն ինքնասպանության վարկածը: Եվ այժմ, մեր տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել կասեցնել քրեական գործով քննությունը: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ քննչական կոմիտեից։ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»: Ասել է թե՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահը այդպես էլ մնաց առեղծված»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում ընդգրկված է նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթը դեռ նախորդ տարվա վերջին հասցրեց քննադատության ալիք բարձրացնել, քանի որ անընդունելի ձեւակերպումներ ուներ ուսումնական հաստատությունների համար: Բանն այն է, որ մի քանի բուհերում իշխանությունը, չկարողանալով իր համար ցանկալի ռեկտորների թեկնածուներ անցկացնել, որոշել է օրենք փոխել ու համակարգը վերջնականապես տապալել։ Նոր նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնի՝ Կառավարության կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակել, ինչը բուհերի ինքնավարության եւ ակադեմիական ազատությանը հակասող դրույթ է։ Ի դեպ, այդ օրենքի շատ ձեւակերպումներ նաեւ հակասահմանադրական են։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում փաթեթի շուրջ բուռն քննարկումներ եղել են, նույնիսկ խորհրդարանում հանդիպել են տարբեր բուհերի ռեկտորների, որպեսզի փորձեն կոնսենսուսի հասնել եւ օպտիմալ փոփոխություններ կատարել: Հավելենք, որ հանձնաժողովի նիստին ներկա կլինի նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով: Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով․ իսկ ահա, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ բենզինի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է, և այնտեղ մոնիտորինգ են անում: Ապա նշեցին, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը, հունվարի 4-ի տվյալներով, կազմել է մոտ 369 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 332 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 242 դրամ, Ղազախստանռւմ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 211 դրամ: Նշենք, որ Հայաստանը հնարավորություն ունի Ղազախստանից մեծ քանակությամբ և մատչելի գներով բենզին ներկրել, քանի որ ղազախական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ զրոյացրել է նավթամթերքի արտահանման տուրքերը: Հայաստանի հանրությունը հույս ուներ, որ բենզինի գինն այս ամենի արդյունքում զգալի կնվազի, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բենզինի գինը ոչ թե նվազում է, այլ բարձրանում»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 2021 թ. Հայաստանի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը չի փոխվել՝ կազմելով դարձյալ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ չփոխվելու մասով խոսքը միայն առաջին եռամսյակին է վերաբերում: Ինչու՞ են մասնագետները համոզված, որ գազը թանկանալու է կրկին: Կրկին, որովհետև նախորդ տարվա հուլիսին դարձյալ բարձրացել էր սակագինը խոշոր սպառողի համար: Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի պարզաբանումների, գործող սակագնով բնակչության (կամ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների) համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար 139 դրամ է։ Գործող բնական գազի սակագնի հաշվարկի համար վերցվել է 2020 թ. պետբյուջեով ընդունված փոխարժեքը՝ 480 դրամ՝ 1 դոլարի համար։ «Ռուսաստանից Հայաստան տարեկան ներկրվում է շուրջ 2,2 մլրդ խմ գազ, որի համար վճարում ենք դոլարով՝ ինչպես ասացինք, 165 դոլար 1000 խմ-ի համար։ Խոշոր սպառողների համար բնական գազի սակագինը դոլարով է հաստատված և ամեն ամիս ճշգրտվում է փոխարժեքը: Իսկ բնակչության համար սակագինը դրամով է սահմանված։ Ռուսաստանից ներկրվող գազի 2.2 մլրդ խմ-ի 0,7 մլրդ խմ-ն բնակչությունն է սպառում: Այսինքն՝ ներկրվող գազի ամբողջ ծավալի 31 տոկոսի հաշվարկը դրամով է՝ այդ տարվա պետական բյուջեով հաստատված փոխարժեքով։ Բայց... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դրամը սրընթաց արժեզրկվեց 6,6 տոկոսով կամ 35 դրամով՝ կազմելով 525 դրամ 1 դոլարի համար։ Դրամի նման մեծ և երկարաժամկետ արժեզրկումը տնտեսական հիմքեր է ստեղծում «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար՝ բնակչության համար ևս բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու»,- նկատեց Սուրեն Պարսյանը։ Այո, բնական գազի սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Բայց և թանկացման նախադրյալներն էլ են լավ «աշխատում»»: