Մենք կարող ենք Նախիջևանի տարածքով Իրանի հետ վերականգնել երկաթուղային կապը. Ռուբինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հայկական կողմի համար շահավետ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն է, վստահ է իշխող դաշինքից խորհրդարանի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Դրա իրականացման դեպքում մենք հնարավորություն կունենանք Նախիջևանի տարածքով վերականգնել Իրանի հետ երկաթուղային կապը։ Բացի այդ, մենք հնարավորություն կունենանք վերականգնել երկաթուղային և ոչ միայն ՌԴ-ի հետ կապն Ադրբեջանի տարածքով։ Հայտնի է, որ Վրաստանի տարածքով գործող ճանապարհը երբեմն փակվում է եղանակային պայմանների պատճառով», - հայտարարել է պատգամավորը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն տնտեսական եւ կոմունիկացիոն ասպեկտները, որոնք բխում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Ռուբինյանը միաժամանակ հավաստիացրել է, որ անհնար է հայկական կողմի կողմից ինքնիշխանության զիջումն այն ճանապարհի նկատմամբ, որը կկապի Նախիջևանը և Ադրբեջանի մնացած տարածքը Հայաստանի տարածքով:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները:
Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին:
Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցներն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։
Մինչդեռ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժքւմը» հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստանի և Արցախի շահերի դեմ ցանկացած որոշում կճանաչվի ոչ լեգիտիմ և կմերժվի հայ ժողովրդի կողմից, ինչպես նաև չեղյալ կհայտարարվի իշխանափոխությունից հետո։