«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց
«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց: Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ:
«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։
Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։
«Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց»,- ասված է հայտարարության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Մոսկվայում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:
Ընդդիմությունը հայտարարել է, որ այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության, իսկ "Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո"։