Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար. Շոյգու
Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար, նրանց ջանքերի շնորհիվ Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 30 հազար բնակիչներ: Այս մասին դեկտեմբերի 4-ին սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Հրադադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են ։ <...> Նշեմ, որ մեր զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի», - ասել է նախարարը:
Նա պատմել է, որ խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների դիակների փոխանակումը: «Ապահովվել է ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը», - հավելել է Շոյգուն:
Ռուս զինծառայողները նաեւ պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհները:
«Մաքրվել է 50 հեկտար տարածք եւ ավելի քան 17 կմ երկարությամբ ճանապարհային կտավ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթուցիկ առարկա։ Ականազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը: Դրանով վերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը», - նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով, միջանցքով ռուս խաղաղապահները 3,5 հազար ավտոմեքենա են ուղեկցել։ Բացի այդ, ավարտվել է Արեւելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ գործառնական բլոկներով, նրա մասնագետները սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանը:
«Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ», - հավելել է նախարարը: