24.11.2024
Պեսկով. Ղարաբաղի շուրջ իրավիճակը շատ փխրուն է
prev Նախորդ նորություն

Բաքուն ցանկանում է չեղարկել զինադադարի համաձայնագիրը. Երևանը պատասխանում է

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ սադրանք է համարել Ադրբեջանի տարածած նամակը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և նույն կառույցի Անվտանգության խորհրդում:

«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի այս քայլը, որով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994թ. մայիսի զինադադարի, այնպես էլ հարցականի տակ դնում 1994թ. հուլիսի զինադադարի վերահաստատման եւ 1995թ. փետրվարի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը։ Հատկանշական է, որ 1994թ. հուլիսի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել էր «պահպանել զինադադարի ռեժիմը մինչեւ մեծ քաղաքական պայմանագրի կնքումը»», - ասված է հայտարարության մեջ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն հայտնել են այս կապակցությամբ իրենց տեսակետը Ադրբեջանին, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում, մասնավորապես նշելով, որ 1994թ․ եւ 1995թ. անժամկետ համաձայնագրերը, ինչպես եւ նախկինում, հիմք են հանդիսանում հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար: Համանախագահները կոչ են արել անշեղորեն պահպանել վերոհիշյալ համաձայնագրերը եւ թույլ չտալ դրանց խախտումը: "Արհամարհելով այդ կոչը՝ Ադրբեջանը գնաց այս սադրիչ քայլին", - նշում է ՀՀ ԱԳՆ-ն։

1994թ․ եւ 1995թ. անժամկետ համաձայնագրերի պահպանումը բացարձակ առաջնաերթություն է համարում նաև ՌԴ-ն, ինչի մասին վերջերս Երևանում հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ լավրովը: «Այս փուլում մենք բացարձակ առաջնահերթություն ենք համարում 1994-1995 թթ. հրադադարի ռեժիմի սահմանման վերաբերյալ կնքված համաձայնագրերի անվերապահ պահպանումը, որոնք անժամկետ են եւ որպես այդպիսին պետք է հարգվեն բոլորի կողմից», - հայտարարեց Լավրորվը Երևանում ապրիլի 22-ին կայացած մամլո ասուլիսին՝ հավելելով, որ ապրիլի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ խնդիրը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: «Այն պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - նշեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ս.թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որին հղում է կատարվում ադրբեջանական նամակում, ուղղված էր հենց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների դադարեցմանը եւ, ինչպես նշել են համանախագահները, զինադադարի ռեժիմի վերականգնմանը: Ակնհայտ է, որ նշված բանավոր պայմանավորվածությունը չի կարող փոխարինել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին համաձայնագիրը։

1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը տարիներ շարունակ հիմք են հանդիսացել փխրուն զինադադարի պահպանման համար։ Այդ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: Հայաստանը կոչ է անում համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտավորեցնելու Ադրբեջանին խստորեն հետեւել 1994թ. մայիսի զինադադարի համաձայնագրին եւ կատարել իր միջազգային հանձնառությունները՝ զերծ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

«Հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետեւանքները` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման եւ դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը եւ իրականացնելու է անհրաժեշտ քայլերը Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգության ապահովման համար», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Այնուամենայնիվ այժմ ինավիճակը շփման գծում մնում է լարված, իսկ կրակի դադարեցման մասին բանավոր պայամանավորվածությունը խախտվում է ամենօրյա ռեվիմով, որն ուղեկցվում է հակմարտող կողմերի կենդանի ուժի կորուստներով: