Ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստի է գումարել. օրակարգում ռազմական դրության չեղարկումն է
Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ ռազմական դրության ռեժիմի վերացումը։
ԱԺ որոշման համապատասխան նախագիծը ներկայացրեց "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը: Խմբակցությունն առաջարկում է վերացնել սեպտեմբերի 27-ին սահմանված ռազմական դրության ռեժիմը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 119-րդ հոդվածի 3-րդ մասը եւ "ռազմական դրության իրավական ռեժիմի մասին" օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման եւ այդ հայտարարությամբ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման լույսի ներքո ռազմական դրության ռեժիմի պահպանման անհրաժեշտություն չկա: