23.11.2024
Մինսկի խումբը մինչև տարեվերջ ակնկալում է Ալիև-Սարգսյան հանդիպում
prev Նախորդ նորություն

Նարիշկին. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ընդլայնում է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ընդլայնում է Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին մեր երկկողմ հարաբերություններում նոր էջ է բացում, զարգացման նոր փուլ և ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երկկողմ, ինչպես նաև ԵՏՄ-ի անդամ-պետությունների շրջանակներում բազմակողմ ֆորմատում համագործակցության համար», - նշել է Նարիշկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ուրախ կլինենք նոր ջանքեր գործադրել հարաբերությունների ընդլայնման, խորացման և զարգացման համար», - նշել է Նալբանդյանը:

Նարիշկինը նաև հիշեցրել է, որ Մոսկվայում սպասում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին: Նարիշկինը նշել է, որ այս պահին իրենք նպատակ ունեն ստորագրել երկու փաստաթուղթ, որը ճանապարհ կբացի Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Ռուսական կողմից համապատասխան պարտավորությունները կատարված են»,- նշել է Պետդումայի խոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2015թ.-ի հունվարի 2-ից դարձել է ԵՏՄ-ի լիիրավ անդամ: Հայկական կողմը համաձայնագիրը ստորագրել է 2014թ.-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում: Մինչև 2030թ.-ը ինտեգրացիոն ազդեցության հետևանքով ՀՆԱ-ի ընդհանուր աճը կարող է հասնել 900 միլիարդ դոլարի: Համաձայնագրում նշվում են կողմերի սուվերեն հավասարությունը և նրանց տարածքային ամբողջականությունը, հաշվի են առնվելու ԵՏՄ-ի պետությունների ազգային շահերը:

Համաձայնագրի շրջանակներում ապահովելու է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժը, տնտեսության ճյուղերում փոխհամաձայնեցված, միասնական քաղաքականության իրականացումը՝ հիմնված առկա պայմանագրի և ԵՏՄ-ի շրջանակներում միջազգային պայմանագրերի վրա: