ՀՀ պաշտպանության նախարար. անգամ մի թիզ հող չի կարող զիջվել Բաքվին
Բաքվի սանձազերծած ապրիլյան պատրեազմական գործողություններից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակում և դրանից բխող իրականության մեջ անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:
"Այս իրականության մեջ անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել", - նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, հայտնում է news.am-ը: Նա փաստացիորեն վերահաստատել է ՀՀ նաագահի և արտգործնախարարի հայտարարություններն առ այն, որ Արցախի վրա ադրբեջանական զինուժի մասշտաբային հարձակումն էական վնաս է հասցրել բանակցային գործընթացին և հետ մղել այն: Ուստի այժմ պետք է աշխատել հասցրած վնասի հետևանքների վերացման ուղղությամբ, նշում են ՀՀ առաջին դեմքերը:
«Ի՞նչ տարածք, ինչի՞ մասին է խոսքը, չկա նման բան, Արցախյան հարցը լուծելու համար նախեւառաջ պետք են համապատասխան պայմաններ, վստահության մթնոլորտ եւ այս իրականության մեջ անգամ մի թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող գնալ: Պետք է այնպես անենք, որ փոխհամաձայնություններ լինեն, որոնց շրջանակում կարող է լինել հարցի կարգավորում»,-ընդգծել է նախարարն ու հավելել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը պաշտպանվի, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննությունների մեխանիզմի ձեւավորումը, որը հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»:
Սեյրան Օհանյանի խոսքով, այսօր թե Հայաստանի բանակը, թե ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ են հետ մղել ցանկացած ոտնձգություն:
«Այսօր հայկական բանակը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Այն բարեփոխումները որ եղել են վերջին տարիների ընթացքում եւ ԶՈՒ զարգացման պլանը, որը ձեւավորվել է միջգերատեսչական ժողովի կողմից, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին: Պարզապես փոքր ինչ առաջնահերթություններ կարող են լինել, որոնց վրա մենք հիմա շեշտադրում ենք անում: Մենք թույլ չենք տա, որ ճնշում լինի Արցախի ժողովրդի վրա կամ կրկնվի այն, ինչ եղել է 101 տարի առաջ»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Օհանյանը նաև մեկնաբանել է, թե ինչու Հայաստանը քայլեր չի ձեռնարկել, որ մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությանն ապրիլի 5-ին Մոսկվայում մասնակցեր ղարաբաղյան կողմը:
«Լեռնային Ղարաբաղը ներգրավված է որպես կողմ, եւ կարծում եմ՝ 1994թ. հրադադարի մասին ստորագրված պայմանագիրն այսօր էլ գործում է: Պարզապես այն, ինչ ձեռք է բերվել մարտական գործողությունները կանգնեցնելու համար, ձեռք է բերվել համապատասխան միջնորդությամբ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը»,- այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: