24.11.2024
Եթե տրվենք քաղաքական սադրանքների, ավելի մեծ կորուստների առջև կկանգնենք․ Սասուն Միքայելյան
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Արցախում պատերազմի ավարտից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակին՝ «Մի մոլորության մասին» վերնագրմամբ, հայտնում է Ilur.am կայքը:


«Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին: Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է:


Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»:


Ավելի վաղ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսկցությունը, անդրադառնալով ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը, նկատել էր, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։


«Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև–թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում», - ասված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:


Ադրբեջանական և հայկական կողմերը մնում են պատերազմի 44 օրերի ընթացքում գրավված դիրքերում, հակամարտության տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ: Նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ գտնվող մի շարք շրջաններից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց: Փաստաթղթի ստորագրումից հետո հայկական ընդդիմությունը Փաշինյանին մեղադրեց «դավաճանության» մեջ, պահանջեց չեղյալ հայտարարել համաձայնագիրը եւ հայտարարեց "Ազգային փրկության կոմիտեի"ձեւավորման մասին: