Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները:
Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետի խոսքերով` հայկական կողմի համար համաձայնագիրը նվաստացուցիչ է, չնայած դեռ կան շատ անհասկանալի կետեր, որոնք ադեկվատ կերպով չեն քննարկվել:
«Սա մեծ պարտություն է հայերի համար»,-ասել է լրագրողը, գրում է news.am-ը:
Դե Վաալը նշել է նաև, որ հայ հասարակությանը շոկի ենթարկած մեկ այլ գործոն էլ այն էր, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր անում ժողովրդին նախապատրաստելու համար և անգամ համաձայնագիրը ստորագրելուց ժամեր առաջ խոսում էր հաղթանակի մասին:
Դե Վաալն ընդգծել է, որ ադրբեջանական ուժերի համար Շուշին վերցնելը բավական էր, որպեսզի Բաքուն հայտարարեր իր հաղթանակի մասին:
«Շատ պատճառներ կան, որպեսզի նրանք երջանիկ լինեն ստորագրածով»,-ասել է նա, քանի որ դաշնագրով Ղարաբաղի 7 շրջանների վերահսկողությունը անցնում է Ադրբեջանին ` ինչը բարոյական խթան կհանդիսանա երկրի համար:
Ըստ դե Վաալի, դա ամբողջը չէր, ինչ ուզում էր Ադրբեջանը, բայց «երկիրը ստացել է ավելի քան երազում էր»:
Փորձագետը նշել է, որ սա նաև մեծ հաղթանակ է Թուրքիայի համար, քանի որ Անկարան և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորապես ներգրավված էին այս հակամարտության մեջ:
Դե Վաալը նշել է նաև, որ այս համաձայնագիրը, Էրդողանի ժամանակաշրջանից հետո կարող է բերել թուրք-հայկական մերձեցման, ինչքան էլ որ դա ներկայում ռեալ չի թվում: