Չգիտեմ, թե ինչով էին մտածում Բաքվում, երբ ահաբեկիչներին ներգրավում էին պատերազմում. ԱԳՆ
Ներկայումս հայկական կողմը մարտնչում է Արցախում երեք հակառակորդների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում կայացած նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ահաբեկիչների հայտնվելը մարտահրավեր է ավելի լայն համատեքստում, քանի որ հետեւանքները կարող են շատ լուրջ լինել բոլորի համար: «Չգիտեմ, թե ինչով էին մտածում Բաքվում, երբ ահաբեկիչներին ներգրավում էին այդ պատերազմում։ Դա (ահաբեկիչների ներգրավումը – խմբ.) շատ լուրջ սպառնալիք է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար։ Դրանք նոր իրողություններ են մեր տարածաշրջանի համար, որոնք բերում են տարածաշրջանում առաջնահերթությունների նոր շրջանակներ», - ասել է Մնացականյանը։
Չափազանց կարեւոր է այսօր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար առավել համալիր եւ նպատակասլաց աշխատանքներ կազմակերպել, հայտարարել է Մնացականյանը: «Այսօր մենք պայքարում ենք նրանց դեմ ռազմի դաշտում, սակայն համագործակցության մակարդակով այդ երեւույթի դեմ պայքարելու եւ վարվող քաղաքականությանն ավելի լայն հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտություն կա», - ընդգծել է ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով քննարկում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ համակարգման մեխանիզմների ստեղծումը։ «Այս պահին ձևավորվել և աշխատում է այդ երկխոսության համակարգ, որը թույլ է տալիս ավելի նպատակային պայքար ապահովել այդ երևույթի դեմ», - ասաց նա:
Պատգամավորներն իրենց հերթին մատնանշել են Ֆրանսիայում «Գորշ գայլերի» ահաբեկչական կազմակերպության ճանաչման փաստը եւ առաջարկել են տարածաշրջանում մի շարք խմբավորումներ ահաբեկչական ճանաչելու մասին փաստաթուղթ: Պատգամավորներն ընդգծել են «իրերն իրենց անուններով կոչելու» անհրաժեշտությունը: