Գիշերը մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. ՄԻՊ
Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
"Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:
Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին",- գրել է Թաթոյանը Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, ինչը չի համապատասխանում իրականությանը:
«Իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։ Հայաստանի իրավասու մարմինները ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը»,- նշվում էր երեկ տարածած հայտարարության մեջ։